Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հիւսիս-արեւելեան հատուածի զօրամաս հասնելուն պէս սուրճի հրաւէր ենք ստանում:
«Բանակի սուրճն ուրիշ է, այդ սուրճից ուրիշ տեղ չէք կարող փորձել»,- շտապում են շեշտել զինուորականները:
Հիւրասիրութեան հրաւէրն ընդունում ենք:
Զօրամասի «գրադարան-շտաբի» փոքր սենեակում տեղաւորւում ենք կողք կողքի: Զօրամասի ֆինանսական ծառայութեան պետ, գրադարանավար եւ միաժամանակ բուժքոյր Մելսիդա Յարութիւնեանը շտապում է սուրճ դնել եւ պատմում քառօրեայ պատերազմի առաջին օրուայ կատարուածի մասին:
«Ապրիլի 2-ի գիշերն արթնացանք կրակոցներից: Խուճապի չմատնուելով` կանանց եւ երեխաներին տարհանեցինք Ստեփանակերտ: Շատերի բարեկամներն էլ Երեւանում էին, այդ պատճառով Հայաստանից տաքսիներ պատուիրեցինք, մեր վարորդները բնակիչներին հասցրին Շուշի, որտեղ նրանց արդէն սպասում էին պատուիրուած մեքենաները,- պատմում է Մելսիդան: – Ամբողջ գիշեր ռմբակոծութիւնները չէին դադարում: Առաւօտեան վերջին բնակիչներին տարհանելուց յետոյ` ամուսնուս հետ շտապեցինք զօրամաս: Մեքենայ չկար. այդ պատճառով Մարտակերտից մինչեւ Մատաղիս ահագին տարածութիւն անցել ենք ոտքով, մինչեւ մեքենայի յայտնուելը»:
Արդէն մի շաբաթից աւելի է, ինչ Մելսիդայի անկողնուն փոխարինել է աթոռը, իսկ գլխատեղը սեղանն է: Չի բողոքում: Միակ խնդրանքը փոքր համարի զինուորական կօշիկներն են.
«40 համարից փոքր կօշիկ չկայ: Նոյնիսկ մի քանի գուլպաներով յանգնելուց` մեծ են: Քայլելը դժուար է այս կօշիկներով, էլ չեմ խօսում վազելու մասին»,- ասում է նա:
Melsida_1մելսիդան 91 թուականից մասնակցել է Արցախեան պատերազմին: Նա եւ հետախուզութեան է գնացել, եւ մասնակցել մարտերին, եւ օգնել վիրաւորներին: Նա մասնակցել է Շոշի, Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման մարտերին, 1,5 տարի կռուել Շահումեանում`ադրբեջանցիների թիկունքում:Պատերազմի ժամանակ Մելսիդան 2 անգամ ծանր վիրաւորուել է, 3 անգամ կ'ոնտուզիայ ստացել: Նրա ճակատին փամփուշտից մնացած սպի կայ: Նրա մարմնից 24 բեկոր են հանել, որից 4-ը Մելսիդան ինքն է հանել «Եղնիկներում»: Երեք բեկոր էլ դեռ մնում է ազատամարտիկիկ կնոջ մարմնում:
Պայմանագրային զինծառայող Նորայրի ձեռքերն ականից վնասուել են, մի քանի օրով ուղարկել են զօրամաս ապաքինուելու: Տեղը տեղ չի տալիս, ուզում է շուտ գնալ ընկերների մօտ: Դէպքի մանրամասնութիւնները չի պատմում, տեսախցիկը տեսնելուն պէս՝ շրջւում է, ընկերներն ասում են, որ նկարուել չի սիրում:
«Մի քանի օր առաջ անօդաչու սարք էր յայտնուել զօրամասի վերեւում, մինչեւ մենք գործի անցնենք, Մելսիդան վերցրել էր զէնքը եւ մի քանի րոպէներ անց ոչնչացրել սարքը»,- պատմում է Նորայրը:
«Հրամանատարին խնդրեցի, որ թոյլ տա դիրքեր բարձրանամ, չեմ կարող այստեղ հանգիստ նստել: Համ էլ տղաներին ոգեւորելու եւ թիկունք կանգնելու խնդիր կայ: Սակայն չթոյլատրեց: Յաջորդ օրը նորից մօտեցայ, այս անգամ ասաց` համբերիր,- խռովուած, բայց հրամանն օրէնք համարելով շարունակում է Մելսիդան,- ախր կիսատ մնացած գործը պիտի աւարտենք եւ մեզ պատկանող հողերն ազատագրենք: Այն ժամանակ չպէտք է ընդունէինք խաղաղութեան դաշինք, մենք պէտք է առաջ գնայինք, որ այսօր նման խնդիր չունենայինք եւ մեր տղաները չզոհուէին առաջնագծում…»:
Մելսիդայի ամուսինը, ինչպէս Մելսիդան է ասում, առաջին իսկ օրուանից իր հետ է: Նա Մարտակերտի ՀԷԿ-ի հսկիչն է, միաժամանակ ամէն ինչով օգնում է զօրամասում:
Ամուսինը հպարտութեամբ պատմում է, որ կինն Արցախեան պատերազմի ժամանակ ոչնչացրել էր տասնեակ ադրբեջանցիների:
Մելսիդա Յարութիւնեանը պարգեւատրուել է «Մարտական ծառայութիւն» եւ «Շուշիի ազատագրման համար» մեդալներով, «Մարտական խաչի» շքանշանակակիր է: Ստացել է կապիտանի կոչում:
Ամուսինները երեխաներ չունեն, բայց ճակատում կռուող բոլոր տղաներին իրենց զաւակներն են համարում:
«25 տարի է` ապրում եմ Արցախում, եւ 25 տարի բանակ գնացող-եկողներն իմ որդիներն են: Այստեղ իմը, քոնը չկայ: Աստուած ինձ այս ամբողջ բանակ երեխաներին է տուել, ու ես երջանիկ եմ դրանով»,- ասում է կին կապիտանը:
Սուրճը եռաց: Մելսիդան մատուցում է մեզ, հիւրասիրում նաեւ կոնֆետներով եւ քաղցրաբլիթով:
«Նոյն այս քաղցրաբլիթներն ու կոնֆետներն ուտում են նաեւ մեր սահմանը պահող զինուորները: Աստուած թող խնայի նրանց, դեռ շատ գործ ունենք… Խմէք սուրճը, իսկ յաջորդ անգամ սուրճ կը հիւրասիրեմ Բաքւում…»,- ասում է նա: