Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը վերահաստատում է, որ ս.թ. ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտէի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի միջնորդութեամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհուած զինծառայողների դիակների փոխանակում: Փոխանակման ընթացքում հայկական կողմին են փոխանցուել ԼՂՀ Պաշտպանութեան բանակի զոհուած 18 զինծառայողների մարմինները:

Հաշուի առնելով հայկական կողմին փոխանցուած մարմինների խոշտանգման եւ անարգանքի փաստը, որն արձանագրուել է ԼՂՀ պատկան մարմինների եւ ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից, ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է, որ դա հանդիսանում է միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անյայտ կորածների հարցերով զբաղուող պետական յանձնաժողովի կողմից մատնանշուած նորմերի կոպտագոյն խախտում:

ԼՂՀ եւ ՀՀ իշխանութիւնները, համագործակցելով միջազգային կազմակերպութիւնների հետ, իրականացնում են յանցագործութիւնների վերաբերեալ ապացոյցների հաւաքման աշխատանքներ, որոնց հիման վրայ յարուցւում են քրէական գործեր:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը պաշտօնապէս յայտարարում է նաեւ, որ բոլոր միջազգային ատեաններում հետեւողականօրէն բարձրացուելու են Ադրբեջանի կողմից իրականացուած միջազգային մարդասիրական (զինուած հակամարտութեան) իրաւունքի եւ տարատեսակ կոնուենցիաների խախտումների փաստերը` վերջնանպատակ դնելով Ադրբեջանին նաեւ իրաւական պատասխանատուութեան ենթարկելու հարցը: