Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Քանի մը օր ատրպէյճանական զինուժի ռմբակոծութեան տակ գտնուող Արցախի Մարտակերտ քաղաքին մէջ ենթակառուցուածքներու վերականգման աշխատանքները ընթացած են գնդակոծութեան զուգահեռ:

Արցախի մէջ գտնուող  «Արմէնփրես»-ի թղթակցին հետ զրոյցի ընթացքին Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վարդան Խաչատրեան պատմած է, որ հրթիռներէն մէկը 10 քիլօուաթ ժամ հզօրութեամբ լարերով երկու յենասիւն տապալած է, սակայն քաղաքին ելեկտրականութիւնը վերականգուած է ատկէ 30 վայրկեան ետք: «Հակառակորդի անօդաչու սարքը շարքից հանեց նաեւ 35 կիլովատ ժամ հզօրութիւն ապահովող յենասիւնը, սակայն Մարտակերտում հրթիռակոծութեան հետեւանքով ամենաշատը լոյս չի եղել ընդամէնը 2.5 ժամ: Թշնամին կրակել էր կազատար խողովակի վրայ, 25 րոպէի  ընթացքում մենք կատարեցինք զօդման աշխատանքները, իսկ այդ պահին քաղաքը գնդակոծութեան տակ էր: Նաեւ ջրամատակարարման վնաս եղաւ, իսկոյն վերականգնեցինք: Մենք այդ պատերազմական իրավիճակում ունեցել ենք հոսանք, ջուր, գազ, ոչ մի խնդիր չենք ունեցել»,- նշած է Խաչատրեան:

Ան աւելցուցած է, որ գնդակոծութեան հետեւանքով վնասներ կրած է քաղաքին թիւ 1 միջնակարգ դպրոցի շէնքը, կոտրուած են շէնքի բոլոր ապակիները: «Այս պահին այդ վերականգնողական աշխատանքները ընթանում են: Վնասուել է նաեւ 18 բնակելի տուն: Արդէն շինարարական կազմակերպութիւններն այդ տներում աշխատանքներ են իրականացնում: Մեր հասարակական սպասարկման տարածքի տանիքն է վնասուել, որին մենք անպայման անդրադառնալու ենք»,- ըսած է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարը:

Վարդան Խաչատրեան նաեւ նշած է, որ սկսած են Մատաղիս գիւղի դպրոցի պատուհաններն ու դռները վերականգնելու աշխատանքները, որ նոյնպէս վնասուած է հակառակորդին գնդակոծութեան հետեւանքով: «Մենք արդէն պատուիրել ենք պատուհաններն ու դռները, որոնք պէտք է փոխուեն: Շինարարներն էլ արդէն դպրոցում չափումներն են անում, որպէսզի պատրաստեն դռներն ու պատուհանները: Հաշուարկուած են Մատաղիս գիւղի աւերածութիւնները: Հիմա այնտեղ այնպիսի վիճակ է, որ մարդիկ կարող են վերադառնալ ու ապրել իրենց տներում: Հիմա մենք սպասում էք, որոշ ժամանակ անց կը տանք վերադառնալու հրահանգը: Այս պահին Մատաղիս գիւղում 43 մարդ է բնակւում: Շատ ուրախալի է, որ առանց մեր հրահանգի էլ կանայք վերադառնում են գիւղ: Հիմա մի փոքր էլ կը սպասենք, կարծում եմ` մի քանի օրից Մատաղիսին կ’անդրադառնանք»,- մանրամասն նկարագրած է  Խաչատրեան:

Քանի մը օր հակառակորդին գնդակոծութեան տակ եղած է նաեւ Մարտակերտի շրջանի Թալի գիւղը, ուր այս պահուն 25 մարդ կը բնակի: «Կանայք եւ երեխաներ Թալիշում հիմա չկան: Մնացել են այն մարդիկ, ովքեր անասուններ ունեն, տներին են հետեւում, Թալիշում էլ ապրում են ու միեւնոյն ժամանակ ծառայում են», ըսած է Խաչատրեան:

Ինչ կը վերաբերի Մարտակերտ քաղաքին, ապա գնդակոծութեան ընթացքին քաղաքէն տարհանում չէ եղած: Եղած են մարդիկ, որոնք իրենց ընտանիքներուն աւելի ապահով վայրեր տարած են առանց ընդհանուր հրահանգի, սակայն հիմա աստիճանաբար բոլորը կը վերադառնան: