Աղբիւր՝ www.yerkir.am
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյեդ Քազեմ Սաջադիին:
Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնները, որոնք դարերի պատմութիւն ունեն, գերակայ են մեր երկրի համար, յատկապէս` կրթամշակութային ոլորտում:
«Հայաստանը միշտ բաց է այլ ազգերի քաղաքակրթութիւնների հաւասարակշռուած ազդեցութեան համար, եւ այս համատեքստում պարսկական մշակոյթի ներկայութիւնը մեր երկրում նպաստում է կրթութեան ոլորտում հարեւան պետութիւնների համագործակցութեան ամրապնդմանը»,- նշել է նախարարը:
Իր հերթին դեսպան Սաջադին, շնորհակալութիւն յայտնելով ոլորտում առկայ համագործակցութեան առնչութեամբ, նշել է, որ տնտեսական զարգացման հեռանկարի հիմքը կրթամշակութային ամուր կապերն են: Այդ առումով, դեսպանը տեղեկացրել է, որ ակտիւ զարգացում կայ միջբուհական համագործակցութեան ասպարէզում եւ յոյս յայտնել, որ դա կը նպաստի նաեւ գիտական համատեղ ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում Լեւոն Մկրտչեանն ընդգծել է, որ բուհական համակարգում առկայ փոխգործակցութեան շրջանակն անհրաժեշտ է ընդլայնել հանրակրթութիւնից մինչեւ գիտութիւն: Այս համատեքստում, ԿԳ նախարարը պատրաստակամութիւն է յայտնել քննարկել Հայաստանում պարսկերէն լեզուի խորացուած ուսուցմամբ աւագ դպրոց հիմնելու հնարաւորութիւնը: Հաշուի առնելով արտաքին քաղաքական նոր իրողութիւնները եւ Իրանի տարածաշրջանային դերակատարութիւնը՝ Մկրտչեանը նշել է, որ Հայաստանի գիտական համակարգը կարող է արդիւնաւէտ հարթակ հանդիսանալ Իրանի եւ ԷԱՏՄ երկրների միջեւ գիտութեան մասնաւորապէս` բնագիտութեան ոլորտի համագործակցութեան համար:
Դեսպան Սաջադին առաջարկել է կազմակերպել երկու երկրների կրթութեան նախարարների փոխայցելութիւններ:
Հանդիպման ընթացքում անդրադաձ է եղել նաեւ երկու երկրների միջեւ պետական աւարտական փաստաթղթերի փոխճանաչման գործընթացին, ուսանողների փոխանակման, միջպետական կրթաթոշակային ծրագրերին եւ մի շարք այլ հարցերի: