Աղբիւր՝ www.yerkir.am
ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԵՏ ԵՆ ԳՐԱՒԵԼ ԵՐԷԿ ԿՈՐՑՐԱԾ ՅԵՆԱԿԷՏԸ, ՈՉՆՉԱՑՈՒԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԵՒՍ 2 ՏԱՆԿ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւարեւելեան եւ հիւսիսարեւելեան ուղղութեամբ ընթանում են թէժ մարտեր: Լուսադէմին հակառակորդի կողմից ձեռնարկուած լայնածաւալ հրետակոծութեանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողութիւնների եւ Թալիշի ուղղութեամբ տիրել նախօրեակին ադրբեջանական ուժերի կողմից գրաւուած մարտավարական կարեւոր նշանակութեան յենակէտին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտուել: Մարտական գործողութիւնների ժամանակ ղարաբաղեան կողմից վիրաւորուել է երկու զինծառայող:
Ղարաբաղեան ուժերի գործողութիւնները յաջող են ընթանում նաեւ մարտագծի հարաւային հատուածում: Այս ուղղութեամբ դիմագրաւելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային յարձակումներին, հարաւային թեւում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենայ (ՀՄՄ):
Աղբիւր՝ www.yerkir.am
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ 3 ՏԱՆԿ ԵՆ ՈՉՆՉԱՑՐԵԼ
ՊՆ մամլոյ խօսնակ Արծրուն Յովհաննիսեանն իր ֆեյսբուքեան էջում գրում է. «Նոր ուրախ լուրեր, առաւօտեան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել»:
Նշենք, որ ապրիլի 3-ի լոյս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանօթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակայ հայկական բնակավայրերը: Առաւօտեան ժամը 07:00-ի սահմաններում առաւել ինտենսիւ հրետակոծութիւններ են սկսուել շփման գօտու հարաւարեւելեան եւ հիւսիսարեւելեան ուղղութիւններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանօթներ, «Գրադ» կայանքներ եւ տանկեր:
Հակառակորդի ագրեսիւ գործողութիւնները ճնշելու ուղղութեամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները եւ վստահաբար իրականացնում իրենց առջեւ դրուած մարտական խնդիրները: Դէպքերի յետագայ զարգացման մասին՝ մեր առաջիկայ հաղորդագրութիւններում:
Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ԹԱԼԻՇՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՎԱՅՐԱԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԳԻՒՂԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌՈՒԹԻՒՆ ՉԷ
Ադրբեջանն իր պահուածքով միշտ էլ եղել է ահաբեկչական ու յանցագործ պետութիւն: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանն՝ անդրադառնալով ԼՂՀ Թալիշ գիւղում ադրբեջանական զինուժի վայրագութիւններին, որոնք դաժանաբար սպանել են գիւղում մնացած խաղաղ բնակիչներին:
«Հետեւաբար, ադրբեջանական զօրամիաւորումների նման պահուածքը ոչ բացառութիւն է, ոչ էլ տարօրինակ ինչ-որ երեւոյթ: Այդ պետութիւնը, դուք գիտէք, երկու օր առաջ էլ փոքր երեխայի է սպանել՝ ռմբակոծելով դպրոցը, մանկապարտէզը»,- ընդգծեց Բաբայեանը:
Դաւիթ Բաբայեանը յաւելեց, որ ապրիլի 2-ին ադրբեջանական զօրամիաւորումները Թալիշ մտնելու փորձ են արել, սակայն հիմա ամբողջովին վտարուած են:
«Թալիշը հայկական է, հայկական էլ մնալու է»,- եզրափակեց Բաբայեանը:
Ադրբեջանական բանակը ռազմական յանցագործութիւն է կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքում: «Hetq.am»-ը հրապարակել է Թալիշում ադրբեջանական վայրագութիւնների արդիւնքները: Ըստ լրատուամիջոցի՝ հրապարակած լուսանկարների, ադրբեջանական զօրամիաւորումները երեկ գիւղում գնդակահարել են Թալիշի բնակիչ Վալերա Խալափեանին եւ նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ 1924 թուականին ծնուած Մարուսեա Խալափեանին: Թալիշը գտնւում է Լեռնային Ղարաբաղի հիւսիսարեւելեան սահմանին: