Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ադրբեջանն ամէն կերպ փորձում է խոչընդոտել Արցախի Հանրապետութեան մասնակցութիւնը միջազգային տարբեր ցուցահանդէսներում: Արցախը մասնակցում է, սակայն, ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան էկոնոմիակայի փոխնախարար Սերգեյ Շահուերդեանի, ամէն տարի նոյն իրավիճակն է:
Արցախի ոչ մի մասնակցութիւն չի անցնում առանց միջադէպերի: Ադրբեջանի նման քայլին Արցախի պատուիրակութիւնն ականատես է եղել Բեռլինում կայացած ITB միջազգային ցուցահանդէսին: Ադրբեջանցիները խոչընդոտել էին Արցախի տաղաւարի աշխատանքները՝ փորձելով դրօշներով փակել Արցախի տաղաւարը, նաեւ դէպի տաղաւար տանող մուտքը: Կազմակերպիչները կասեցրել են ադրբերջանցիների բողոքի ակցիան:
Փոխնախարարն անդրադարձել է նաեւ Արցախում արձանագրուած զբօսաշրջային պատկերին: 2015 թուականին Արցախ է այցելել 16.5 հազար օտարերկրեայ զբօսաշրջիկ, հիմնականում Ռուսաստանից, Միացեալ Նահանգներից եւ Եւրոպական մի շարք երկրներից:
«Մի քանի տարի շարունակ օտարերկրեայ այցելութիւնների թիւը տարեկան 30-40 տոկոսով աճում էր: 2014 թուականին այդ աճը դանդաղել էր մինչեւ 13 տոկոս: 2015-ին ցուցանիշը նորից աճել է: Իսկ, ահա Հայաստանից եւ Սփիւռքից ժամանող զբօսաշրջիկների թիւը շատ աւելի մեծ է»,- ասել է Սերգէյ Շահուերդեանը: