Աղբիւր՝ www.aravot.am

 

Ազգային պատկերասրահը կը գործակցի Իրանի խոշորագոյն թանգարաններից մէկի հետ։

Հայաստանի ազգային պատկերասրահում պատկերասրահի եւ Թեհրանի ժամանակակից արուեստների թանգարանի միջեւ ստորագրուեց յուշագիր, որը ենթադրում է առաջիկայում հայ եւ իրանցի նկարիչների աշխատանքների ցուցադրութիւնների կազմակերպում:

«Սա մեզ համար կարեւոր փաստաթուղթ է, որը սկիզբն է Իրանի խոշորագոյն թանգարաններից մէկի հետ աշխատանքի: Թանգարանը բաւականին լուրջ հաւաքածու ունի` իրանական արուեստից մինչեւ Եւրոպայի լաւագոյն նկարիչների աշխատանքներ»,-ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրէն Արման Ծատուրեանը:

Թեհրանի ժամանակակից արուեստների թանգարանի տնօրէն Մաջիդ Մօլլայ Նորուզին էլ նկատեց, որ պատկերասրահի հետ  գործակցութիւնն ինչ-որ տեղ ուշացած է. «Հայերը եւ իրանցիները պէտք է ծանօթանան իրենց մշակոյթի գլուխգործոցներին: Յուսով եմ, որ առաջիկայում հայ նկարիչների գործերը կը ցուցադրուեն Իրանում»:

Նշենք, որ վաղը Ազգային պատկերասրահում կը բացուի «Իրանական արուեստ» խորագրով ցուցահանդէսը, որի շրջանակում կը ներկայացուեն Իրանի ժամանակակից նկարիչների աշխատանքները:

«Ազգային պատկերասրահը աշխարհի լաւագոյն պատկերասրահներից է, եւ ուրախ ենք այստեղ ներկայացնել իրանցի մանրանկարիչների ստեղծագործութիւնները: Արուեստը եւ մշակոյթը իւրաքանչիւր ժողովրդի հայելին են, եւ այցելուները հետաքրքիր նմուշներ կը տեսնեն: Մենք հպարտանում ենք դրանցով: Իրանական մանրանկարչութիւնը բաւականին մեծ համբաւ է վայելում: Դրա միջոցով հնարաւոր է ծանօթանալ իրանական մշակոյթի, գրականութեան հետ: Ի դէպ, մեր մանրանկարչութիւնից անբաժան են հաւքը եւ վարդը` որպէս երկնքի եւ երկրի միջեւ ներդաշնակութեան խորհրդանիշ: Իսկ գոյները խաղաղ են եւ յուշում են խաղաղութեան կարեւորութեան մասին»,-նշեց Մաջիդ Մօլլայ Նորուզին:

Նրա ղեկավարած թանգարանն առաջիկայում ցուցադրութիւններ կը կազմակերպի Բեռլինում եւ Հռոմում:

Արման Ծատուրեանը նաեւ տեղեկացրեց, որ իրանցի գործընկերներից մէկն իրեն հարցրել է` ինչպէս ծանօթանալ ժամանակակից հայ նկարիչներին եւ նրանց աշխատանքներին. «Այդ նպատակով Մշակոյթի նախարարութեան հետ նախատեսում են տեղեկատուական կայք ստեղծել, որը կը ներկայացնի հայ ժամանակակից նկարիչներին»: