Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Մօտ ապագայում ականատես կը լինենք Հայաստան-Իրան յարաբերութիւնների առաւել զարգացման: Այս մասին փետրուարի 18-ին, ԵՊՀ-ում Հայաստանի եւ Իրանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակին նուիրուած միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրոյցում նշել է Հայաստանում Իրանի Իսլամական արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյեդ Քազեմ Սաջադին:
Հարցին, թէ պատժամիջոցների վերացումից յետոյ հայ-իրանական յարաբերութիւններում ո՞ր ուղղութիւններն են ռէալ տնտեսական համագործակցութեան շրջանակում, դեսպանը պատասխանել է. «Իրանը եւ Հայաստանը համարում ենք հարեւան երկրներ, եւ միմեանց հետ տնտեսական յարաբերութիւններ զարգացնելու առումով որեւէ սահմանափակում չունենք: Հաշուի առնելով, որ վերջին ժամանակահատուածում ակտիւացել են երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաների փոխադարձ այցերը, մենք մօտ ապագայում ականատես կը լինենք երկու երկրների յարաբերութիւնների առաւել զարգացմանը: Ես կարծում եմ, որ երկու երկրներն էլ կ'օգտուեն միմեանց հնարաւորութիւններից»:
Իրանի դեսպանի խօսքով, անգամ պատժամիջոցների ժամանակ Իրանը շատ լաւ յարաբերութիւններ է ունեցել Հայաստանի հետ, իսկ պատժամիջոցների չեղարկումից յետոյ այդ յարաբերութիւններն էլ աւելի կը զարգանան: «Իրանը եւ Հայաստանը ամենածանր պայմաններում եւ ծանր վիճակներում միշտ օգնել են միմեանց, եւ այդ համագործակցութիւնը, այդ վերաբերմունքը կը շարունակուի»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, Սէյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է. «ՀՀ տրանսպորտի նախարարը եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարը բանակցել են այդ հարցի շուրջ: Մօտ ապագայում նախատեսւում է Իրանից փորձագէտների եւ մասնագէտների պատուիրակութեան այցը Հայաստան՝ տնտեսատեխնիկական հիմնաւորումներն ուսումնասիրելու»: