Աղբիւր՝ www.yerkir.am

 

Փետրուարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակուած կրակոցից մահացու հրազէնային վիրաւորում է ստացել քաղաքացիական անձ` ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգէնաշեն գիւղի բնակիչ, հովիւ, 1962թ. ծնուած Յակոբ Համբարձումեանը: Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԳՆԴԱԿԻՑ ԶՈՀՒԱԾԸ ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆ ԷՐ

Yerkir.am-ի տեղեկութիւններով՝ Յակոբ Համբարձումեանն Արցախեան պատերազմի մասնակից էր, Վետերանների միութեան անդամ: Մեզ հետ զրոյցում Համբարձումեանի համագիւղացիները պատմեցին, որ նա երկու ամուսնացած դուստր ունէր եւ սոցիալապէս ծանր պայմաններում ապրում էր կնոջ հետ: «Ուրիշի անասուններ էր պահում, լաւ օրից չէր այդ գործն անում»,- ասաց մեր զրուցակիցը:

Yerkir.am-ի հետ զրոյցում Վազգէնաշենի գիւղապետն էլ պատմեց, որ հակառակորդը պարբերաբար կրակում է գիւղի ուղղութեամբ, սակայն պատերազմից ի վեր առաջին դէպքն է, որ գիւղում խաղաղ բնակիչ զոհուի: