Աղբիւր՝ www.yerkir.am

 

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանն ամփոփեց երկրի դիւանագիտութեան գործունէութիւնը 2015-ին:

Լրագրողները նախարարին հարցրեցին, թէ ինչպէ՞ս է վերաբերւում Իրանի` ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործում միջնորդ դառնալու պատրաստակամութեան վերաբերեալ յայտարարութիւններին:

Նախարարը նախ նշեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեցեակի պայմանաւորուածութիւններն ամենանշանալի ձեռքբերումներից էին, եւ որ դա հնարաւոր եղաւ կողմերի քաղաքական կամքի եւ ճկուն դիւանագիտութեան շնորհիւ:

«Մեր բարեկամ ու հարեւան Իրանին վերաբերող կարեւոր նշանակութիւն ունեցող հարցի շուրջ պայմանաւորուածութիւնը մեզ չէր կարող չուրախացնել, քանի որ այն նոր հնարաւորութիւններ է բացում առեւտրատնտեսական զարգացման ու ընդլայնման տեսանկիւնից, տարբեր ծրագրերի իրականացման տեսակիւնից, որոնք ժամանակաւորապէս կանգ էին առել պատժամիջոցների կիրառման ժամանակ: Երբ ասում եմ` բարեկամ, հարեւան, սոսկ խօսքեր չեն, Իրանն այն երկիրն է, որտեղ մեծ յարգանքով են վերաբերւում մեր մշակութային ժառանգութեանը, վերականգնում են հայկական յուշարձանները: Իրանում մեծ յարգանքով են վերաբերւում մեր հայ համայնքին, որը մշտապէս իրեն ապահով է զգացել, եւ սա փոխադարձ է, նոյն յարգանքը կայ Հայաստանի կողմից: Հայաստանն ու Իրանը շահագրգիռ են անել ամէն ինչ, որ մեր յարաբերութիւնները զարգանան ու ամրապնդուեն»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգաւորման հարցում Իրանի միջնորդութեանը, Էդուարդ Նալբանդեանը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգաւորման մէջ առաջընթաց չկայ ոչ թէ, որովհետեւ միջնորդները լաւը չեն կամ լաւ առաջարկութիւններ չեն անում, այլ այն պատճառով, որ Ադրբեջանը չունի քաղաքական կամք: «Ես վստահ եմ, որ Իրանը շահագրգռուած է օր առաջ տեսնել ԼՂ հիմնախնդրի կարգաւորումը»,- ասաց նախարարը: