Աղբիւր՝ www.yerkir.am
Ամերիկեան СNN մեդիայ ընկերութիւնը ծաւալուն յօդուած է հրապարակել աշխարհահռչակ շախմատիստ Լեւոն Արոնեանի մասին:
«Հայաստանի շախմատի Դեւիդ Բեքհեմ»-ը վերնագրուած յօդուածում Շինայ Մըքքենզին գրել է. «Իր հայրենի Հայաստանի փողոցներով քայլելիս մարդիկ ողջունում են նրան, ռեստորաններում նա անվճար է ուտում, ծնողներն իրենց նորածին երեխաներին անուանակոչում են նրա անունով: Արոնեանը դերասան չէ, ոչ էլ՝ ակտիւիստ կամ աստղագնաց: Նա շախմատիստ է` աշխարհում չորրորդ լաւագոյն շախմատիստը: Եւ այս փոքր հետխորհրդային շախմատային երկրում դա նշանակում է, որ նա ազգային հերոս է»:
Կայքը նաեւ մէջբերել է Լեւոնի խօսքերը, թէ ինչպէս են հայաստանեան բենզալցակայեաններից մէկում հերթական անգամ հրաժարուել իրենից գումար վերցնել:
«Երբ առաջին անգամ իմ հարսնացուն ժամանեց Հայաստան, մենք կանգ առանք բենզալցակայեանում եւ այստեղ ինձ ասացին. «Մենք չենք պատրաստւում Ձեզնից գումար վերցնել»: Հարսնացուիս համար դա ապշեցուցիչ էր, սակայն դա տեղի է ունենում անընդհատ»,- CNN-ը մէջբերում է Լեւոնի խօսքերը:
Կայքն այնուհետեւ անդրադարձել է Հայաստանի դպրոցներում շախմատի՝ որպէս պարտադիր առարկայ դասաւանդմանը` նշելով, որ Հայաստանում անգամ հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
«3 միլիոն բնակչութեամբ Հայաստանն աշխարհում առաջատարն է շախմատային գրոսմայստերների թուով: Շախմատի նախորդ 5 օլիմպիադաներում ազգային հաւաքականը, կուռքի` Լեւոն Արոնեանի գլխաւորութեամբ, յաղթել է երեք անգամ»,- գրել է CNN-ը՝ յիշեցնելով նաեւ Հայաստանում շախմատի նկատմամբ ձեւաւորուած ջերմ զգացմունքների «պատասխանատուի» ՝ 1960-ականներին շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսեանի մասին:
Եզրափակելով յօդուածը՝ կայքը մէջբերել է Արոնեանի խօսքերը. «Մենք միայն պայքարող, կռուող ազգ չենք: Մենք նաեւ այնպիսի ազգ ենք, որը կարող է վերադառնալ իր փառքին, երբ մենք մեծ երկիր էինք: Երբ ճամփորդում ես Հայաստանում, տեսնում ես աւելի քան 1500 տարուայ վաղեմութեան վանքեր, համալսարաններ, եւ քեզ մի զգացում է պատում` ասես «սա հէնց այն է, ինչ մենք կանք: Մենք եղել ենք մի ազգ, որն ունի ինտելեկտուալ հսկայական կարողութիւն: Այդ պատճառով էլ, կարծում եմ, որ ժողովրդին դէպի շախմատ տանող ուժը հէնց ցանկութիւնն է՝ հետ վերադարձնել այն զգացողութիւնը, որ մենք ժամանակին գիտնական ազգ ենք եղել»: