Աղբիւր՝ www.yerkir.am
ՈՒՈԼԹԵՐԻ ՀԱԿԱՀԱՅ ԶԵԿՈՅՑԸ ՄԵՐԺՈՒԵՑ
ԵԽԽՎ-ն 70 դէմ, 66 կողմ ձայներով մերժեց բրիտանացի պատուիրակ Ռոբերտ Ուոլթերի` «Բռնութեան աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի միւս օկուպացուած տարածքներում» զեկոյցը:
***
Աղբիւր՝ www.yerkir.am
ՄԱՐԿՈՎԻՉԻ ՀԱԿԱՀԱՅ ԶԵԿՈՅՑՆ ԸՆԴՈՒՆՈՒԵՑ
Բոսնիայ եւ Հերցեգովինայի պատգամաւոր Միլիցայ Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչութիւնը միտումնաւոր զրկուած է ջրից» զեկոյցը 98 կողմ, 71 դէմ, 40 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ ընդունուեց:
***
Աղբիւր՝ www.yerkir.am
ԵԽԽՎ-ում հայկական պատուիրակութիւնը հաղորդագրութիւն է տարածել, որում ասուած է.
«Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ս.թ. յունուարի 26-ի լիագումար նիստում տեղի ունեցաւ խնդրահարոյց բանաձեւերի քուէարկութիւնը։ Հարցի առնչութեամբ հայկական կողմը նախապէս իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թւում՝ հանդիպումներ ԵԽԽՎ պատուիրակների հետ ու ներկայացրել էր իր դիրքորոշումներն ու մտահոգութիւնները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչութեամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրութեան ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրներ՝ Ֆրանսիայի, ՌԴ եւ ԱՄՆ կողմից արտայայտած դիրքորոշումներին ու յայտարարութիւններին։
Բանաձեւերը մեծապէս խեղաթիւրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմութիւնն ու էութիւնը եւ անթոյլատրելիօրէն միջամտում խաղաղ կարգաւորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկ Խմբի համանախագահների ս.թ. յունուարի 22-ի ու աւելի վաղ արուած միւս յայտարարութիւնները, ինչպէս նաեւ լիագումար նիստում բազմաթիւ պատուիրակների ելոյթները։
Խորհրդարանական Վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատուութիւնը, քուէարկութեան արդիւնքում մերժեցին Ուոլթերի տխրահռչակ բանաձեւը: Ինչ վերաբերւում է Սարսանգի վերաբերեալ բանաձեւին. ԵԽԽՎ մի շարք պատգամաւորներ, անտեսելով միջազգային հանրութեան կարծիքը, դրսեւորելով միակողմանի մօտեցում, քուէարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնոյթի զեկոյցին տալով քաղաքական բովանդակութիւն։
Մենք երախտագիտութիւն ենք յայտնում ԵԽԽՎ այն պատուիրակներին, ովքեր ցուցաբերեցին սկզբունքային դիրքորոշում ու ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգաւորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձեւերի քուէարկութեան ժամանակ եւ իրենց վճռական դիրքորոշմամբ մերժեցին ԼՂ կարգաւորման համար վտանգաւոր Ուոլթերի զեկոյցը»: