Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Արցախի ազգային վիճակախաղի երեւանեան գրասենեակում այսօր տեղի է ունեցել 2015 թուականի վիճակախաղին մասնակցած Հայաստանի քաղաքացիների մրցանակների յանձնման արարողութիւնը։
Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանն այս վիճակախաղը համարում է վստահութեան քուէ Արցախին:
Վիճակախաղի հիմնական նպատակը մօտակայ 10 տարիների ընթացքում մնալու է նոյնը՝ Արցախում աշխատատեղերի ստեղծումը, սակայն արդէն յստակ է նաեւ 2016 թուականի վիճակախաղի նպատակը։ Ստացուած շահոյթներն ուղղուելու են պաշտպանական ոլորտին։
Արցախի ազգային վիճակախաղի առաջին խաղարկութիւնը տեղի ունեցաւ 2013 թուականի աւարտին։ Նախաձեռնութիւնը Լեռնային Ղարաբաղի կառավարութեանն էր։
Փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանն այսօր վիճակախաղի երեւանեան գրասենեակում յայտարարեց, որ ՀՅԴ-ի աշխարհասփիւռ կառոյցներն անմիջական մասնակցութիւն է ցուցաբերում Արցախի ազգային վիճակախաղի տոմսերի վաճառքի կազմակերպմանը։
2015 թուականի դեկտեմբերի 28-ին անցկացուած Արցախի ազգային վիճակախաղին մասնակցած 94 419 տոմսից, վիճակահանութեան արդիւնքում, շահել է 455-ը։
Փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանը վիճակախաղի արդիւնքում ստացուած շահոյթների ներդրումային ծրագրերից առանձնացրեց գորգագործութիւնը։ Նրա կարծիքով, արցախցի 200-ից աւելի կանայք, որոնցից իւրաքանչիւրն, ի դէպ, մէկ ամսուայ ընթացքում ընդամէնը մէկուկէս քառակուսի մետր գորգ է գործում, լուրջ մշակութային հակափաստարկ են ներկայացնում Ադրբեջանին։ Այդ երկիրը տարիներ շարունակ փորձում է արցախեանը գորգերն ադրբեջանական մշակոյթի մաս ներկայացնել։
Առաջիկայ օրերին վիճակախաղի երեւանեան գրասենեակում մրցանակներ կը ստանան Հայաստանի կառավարութեան տարբեր գերատեսչութիւնների, նաեւ տարբեր ընկերութիւնների այն աշխատակիցները, որոնց տոմսերը շահել են։