Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայաստանի Ազգային արխիւը նախատեսում է հրապարակել Թուրքիայի հայկական վանքերի կալուածքների մասին փաստաթղթեր: Այս մասին «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրուած ասուլիսին տեղեկացրեց Ազգային արխիւի տնօրէն Ամատունի Վիրաբեանը:

«Այսօր շատ է խօսւում Թուրքիայի հայկական եկեղեցիների կալուածքի մասին: Գիտենք, որ Սիսի կաթողիկոսարանը կալուածքները վերադարձնելու նպատակով դատական գործընթացի մէջ է: 2016 թուականին կը հրապարակուի գիրք, որտեղ կը ներկայացուեն Թուրքիայում առկայ բոլոր վանքերի կալուածքների մասին տեղեկատուութիւն: Դա բաւական արժէքաւոր տեղեկատուութիւն է: Մենք ներկայացնելու ենք հէնց թուրքական իշխանութիւնների կողմից տրուած փաստաթղթերը` օսմաներենով գրուած»,- ասաց Ամատունի Վիրաբեանը:

Այդ գիրքը լինելու է հայերէն եւ օսմաներեն:

Ամատունի Վիրաբեանը տեղեկացրեց, որ ակտիւօրէն աշխատում ու համագործակցոմ են այլ երկրների Ազգային արխիւների հետ: Աշխատում են Իտալիայի, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Լեհաստանի եւ այլ երկրների Ազգային արխիւների հետ: Ռուսաստանի հետ համագործակցութեան արդիւնքում ընթացիկ տարում կհրատարակուի «Կովկասեան ռազմաճակատ.1914- 1918 թթ» ժողովածուն, որը ներառելու է տարածաշրջանի բնակչութեան, Հայոց ցեղասպանութեան մասին նիւթեր: Գրքում տեղ են գտնելու ռազմական հետազախուզութեան նիւթերը, որոնք պատմելու են թուրքական իշխանութիւնների գործողութիւնների մասին, թէ ինչպէս են հայերին արտաքսել, ոչնչացրել, ճանապարհերին հայերի վրայ յարձակումներ կազմակերպել: