Աղբիւր՝ www.yerkir.am
«ԵԽԽՎ հակահայկական 2 զեկոյցները կանխել չյաջողուեց, բայց, մեր տեղեկութիւններով, ՀՀ իշխանութիւնները չեն յանձնւում եւ մոբիլիզացրել են ողջ ուժերը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում զեկոյցների ընդունումը կանխելու նպատակով։ Մէկը բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնութեան աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի միւս օկուպացուած շրջաններում» զեկոյցն է, միւսը՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնաւոր կերպով զրկւում են ջրից»՝ Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկոյցը։
Յունուարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսւում են լսումներ զեկոյցների շուրջ։ Դրանց ընդունումը կանխելու համար ՀՀ իշխանութիւններն օգտագործում են ոչ միայն դիւանագիտական խողովակները, այլեւ յունուարի 8-ից այս նպատակով եւրոպական տարբեր մայրաքաղաքներ են մեկնել մի խումբ օրէնսդիրներ՝ իրենց օտարերկրեայ գործընկերներին համոզելու, որ դէմ քուէարկեն զեկոյցներին։ Մերձբալթեան հանրապետութիւններում է գտնւում Աժ փոխխօսնակ Էդուարդ Շարմազանովը, որն այնտեղից մեկնելու է Չեխիա, ապա հարազատ Յունաստան։ Նոյն առաքելութեամբ եւրոպական մայրաքաղաքներում են նաեւ Աժ արտաքին հարցերի յանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարեանն ու Հայաստան-ԵՄ համագործակցութեան յանձնաժողովի համանախագահ Սամուէլ Ֆարմանեանը, որը նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատուիրակութեան անդամ է։ Իսկ Հայ դատի եւրոպական գրասենեակը ստորագրահաւաք է նախաձեռնել ընդդէմ ԵԽԽՎ հակահայկական զեկոյցների»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրուայ համարում։