Աղբիւր՝ www.yerkir.am
Տաւուշի մարզի սահմանապահ զօրամասերից մէկի դիրքերում ծառայող Արթուր Մնացականեանի նամակը՝ մայրիկին.
«Բարեւ, մամ ջան, ո՞նց էք, յուսով եմ լաւ: Գիտե՞ս, մամ, մի տեսակ անսովոր զգացողութիւն ա մօտս, թղթին նամակ գրելուց… դէ գիտես հիմա հեշտացել է զինուոր-ծնող շփումը, նամակ գրելը վաղուց մոռացուել ա: Մամ ջան, թուղթ ու գրիչ էլ առանձնապէս հեշտ չգտայ, գիտես` հիմա սահմանն եմ հսկում, մտքերս կենտրոնացած են միայն այդ ուղղութեամբ: Ուղղակի շատ շուտով տօներն են մօտենում, դէ ես էլ որոշեցի քեզ անակնկալ անել, ասում են` թղթի վրայ բառերն անսովոր ուժ են ստանում, իսկ նամակներն աւելի զգացմունքային են դառնում: Յուսով եմ, երբ կարդաս նամակս կը ժպտաս ու թեթեւութիւն կը զգաս, քանի որ գրում եմ մեծ ոգեւորութեամբ եւ հպարտութեամբ: Ճիշտ է, կը յուզուես, քանի որ մեծ կարօտով եմ բառերը յանձնում թղթին, բայց յանկարծ չարտասուես: Մամ ջան, քո զինուոր տղեն մի տարի ա, ինչ ծառայում ա … քիչ մնաց, դժուարն արդէն անցել ա, եւս մի Նոր տարի եւ ես ձեր հետ կը լինեմ:
Մամ ջան, գիտեմ, որ ամէն Աստծոյ օր, անկախ քո առօրեայից, դու իմ մասին ես մտածում, ուզում եմ մտածելուց միայն հպարտ լինես, չտխրես, ես շատ լաւ եմ, այստեղ եմ, որ դու գիշերը հանգիստ քնես, բայց գիտեմ, հանգիստ քունդ կորցրել ես ինձ ճանապարհ դնելուց: Խնդրում եմ, քնիր ու արթնացիր նորմալ ռեժիմով, որ ես էլ այստեղ սահմանում գիտակցեմ ու արժեւորեմ իմ ներկայութիւնն ու խաղաղութեան գինը: Մամ ջան, բանակում կեանքի գոյներն ամբողջական չեն, բայց հաւատա, ամէն դժուարութիւն էլ յաղթահարելի’ է, միայն կարօտն է նեղում, բայց դա էլ ինձ կոփում է ՝ դարձնելով աւելի համբերատար, դիմացկուն ու ուժեղ:
Շուտով Նոր տարին կը մեկնարկի, ուզում եմ շատ ուրախ նշէք, աւելի ուրախ, քան իմ ՝ տանը եղած ժամանակ: Իմ փոխարէն էլ լաւ կպարէք ու քէֆ կ'անէք, ես էլ իմ բոլոր զինակից ընկերների հետ կը պաշտպանեմ այդ ուրախութիւնը: Մենք պատուով կը ծառայենք, որ դուք միշտ հպարտանաք ձեր որդիներով: Գիտեմ, որ աշխարհում ամենաշատը հէնց մայրերն են ձգտում խաղաղութեան ու դրա համար էլ քեզ եմ ասում, մամ ջան, պապան էս ամէնի միջով անցել ա շատ երկար… ինձ կը հասկանայ.. ինքը գիտի, որ ես կեանքում չեմ անի մի բան, որից ինքը գլխիկոր կը մնայ: Իսկ դու քեզ հանգիստ զգա, ուրախ ապրի, մամա ջան, պապայիս էլ լաւ նայի մինչեւ գամ, ձեզ ծով համբերութիւն, շուտով՝ 365 օր յետոյ կը հանդիպենք, ձեր բոյով, բուսաթով, սիրուն տղայ Արթուր )))
Շնորհաւոր բոլոր հայ ընտանիքների Ամանորն ու Սուրբ ծնունդը»: