Աղբիւր՝ www.yerkir.am

 

Նախագահ Սերժ Սարգսեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին:

Ինչպէս յայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, Նախագահը ողջունել է հիւրին եւ նրա գլխաւորած պատուիրակութեանը՝ գոհունակութեամբ արձանագրելով փաստը, որ հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի նիստերի ժամանակացոյցը չի խախտւում՝ նախորդ նիստից ուղիղ մէկ տարի անց Երեւանում անցկացւում է հերթական՝ 13-րդ նիստը: Սերժ Սարգսեանը յոյս է յայտնել, որ երկկողմ համագործակցութեան օրակարգը յանձնաժողովի նիստի արդիւնքում աւելի է հարստացել, ձեռք են բերուել նոր պայմանաւորուածութիւններ: Բարեկամ Իրանի հետ Հայաստանի յարաբերութիւնների խորացման գործում Նախագահ Սերժ Սարգսեանը մեծապէս կարեւորել է միջկառավարական յանձնաժողովի դերը եւ յանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի անձնական ներդրումը: Ընդգծելով, որ Հայաստանը մեծապէս կարեւորում է բարեկամ Իրանի հետ յարաբերութիւնները, ՀՀ Նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հաստատուած անկեղծ երկխօսութիւնն ու փոխադարձ վստահութիւնը ենթադրում են բարձրաստիճան փոխայցերի դինամիկայի պահպանում՝ համագործակցութեան երկկողմ օրակարգն աւելի ընդլայնելու եւ զարգացնելու նպատակով:

Զրուցակիցները երկուստէք առանձնակի կարեւորել են առեւտրատնտեսական յարաբերութիւնների խթանման եւ այդ ոլորտում առկայ մեծ ներուժը լիարժէքօրէն օգտագործելու անհրաժեշտութիւնը: ՀՀ Նախագահը եւ Համիդ Չիթչիանը հանդիպմանը հանգամանօրէն քննարկել են Հայաստանի եւ Իրանի համար մեծ կարեւորութիւն ունեցող համատեղ, այդ թւում՝ ենթակառուցուածքային ծրագրերի իրականացման ընթացքն ու նոր նախագծերի, փոխշահաւէտ ներդրումային ծրագրերի իրականացման հնարաւորութիւնները:

Սերժ Սարգսեանը եւ Համիդ Չիթչիանն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային համագործակցութեանն առնչուող հարցերի: Այդ համատեքստում նրանք գոհունակութեամբ են փաստել, որ իրականութիւն է դառնում Հիւսիս-հարաւ էլեկտրաէներգետիկ ծրագիրը, ինչը ենթադրում է համապատասխան համակարգերի զուգահեռ աշխատանք Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Իրանի էներգետիկայի նախարարի կարծիքով, Երեւանում երեկ կայացած յիշեալ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատուների քառակողմ հանդիպումը կարեւոր եւ արդիւնաւէտ քայլ էր տարածաշրջանի այդ երկրների համերաշխութեան տեսանկիւնից եւ նոր որակ է հաղորդում ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ ձեւաչափով համագործակցութեան զարգացմանը: