Աղբիւր՝ www.yerkir.am
Հայաստանը ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման զեկոյց»-ում զբաղեցնում է 85-րդ տեղը` կիսելով այն Ալբանիայի ու Բոսնիայ եւ Հերցեգովինայի հետ: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրեսը», նախորդ տարուայ համեմատ Հայաստանը 2 հորիզոնականով առաջ է անցել:
«Մարդկային զարգացման զեկոյց 2015»-ում նշւում է, որ 2014 թուականի համար Հայաստանի մարդկային զարգացման համաթիւը կազմել է 0.733, կեանքի միջին տեւողութիւնը` 74.7 տարի, կրթութեան միջին տեւողութիւնը` 12.3 տարի, կրթութեան սպասուող միջին տեւողութիւնը` 10.9 տարի, իսկ մէկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամուտն ըստ գնողունակութեան համարժէքի` 8 հազար 124 դոլար:
Մարդկային զարգացման ամենաբարձր համաթիւը` 0.944, Նորուէգիայում է, որին յաջորդում են Աւստրալիան` 0.935, երրորդ տեղում է Շուեյցարիան: Ռուսաստանը եւ Բելառուսը կիսել են 50-րդ տեղը` 0.798 համաթուով, Վրաստանը` 76-րդն է 0.754 համաթուով, Ադրբեջանը`78-րդը` 0.751 համաթուով, Թուրքիան` 72-րդը` 0.761 համաթուով, իսկ Իրանը «Մարդկային զարգացման զեկոյց 2015»-ում զբաղեցրել է 69-րդ տեղը` 0.766 համաթուով: