Աղբիւր՝ www.yerkir.am
Դեկտեմբերի 13-ին, ՀՀ հանրաքուէի կենտրոնական յանձնաժողովը կազմել է արձանագրութիւն` 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնների հանրաքուէի քուէարկութեան արդիւնքների վերաբերեալ` հիմք ընդունելով տեղամասերում քուէարկութեան արդիւնքների վերաբերեալ արձանագրութիւնները, վերահաշուարկների արդիւնքները, քուէարկութեան արդիւնքների վերաբերեալ ընդունած որոշումները:
Այս մասին յայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովի մամուլի ծառայութիւնից։
«Հաշուի առնելով վերոյիշեալ արձանագրութիւնը, յանձնաժողովներում ստացուած դիմումների (բողոքների) քննարկման արդիւնքով ընդունած որոշումները, հանրաքուէի տեղամասային յանձնաժողովների գրանցամատեաններում քուէարկութեան օրն արձանագրուած խախտումների վերաբերեալ ընտրատարածքային յանձնաժողովների որոշումները, քուէարկութեան արդիւնքների վերաբերեալ ընդունած որոշումները` հանրաքուէի կենտրոնական յանձնաժողովն ամփոփել է դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքուէի արդիւնքները եւ ընդունել որոշում, համաձայն որի՝ «2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքուէի դրուած ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնների նախագիծն ընդունուած է»,- ասւում է յայտարարութիւնում։