Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հակառակորդը շարունակում է զենիթային կայանքներից եւ ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական դիրքերը: Իրադրութիւնն առաջնագծում մնում է լարուած: Այս մասին յայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայութիւնը:
Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ին եւ լոյս 12-ի գիշերը ղարաբաղայ-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է աւելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպէս նաեւ 60 (11 արկ), 82 (66 արկ), 120 (14 արկ) միլիմետրանոց ականանետերից եւ ՀԱՆ-17 (16 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղութեամբ արձակուել է շուրջ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաեւ Զու-23-2 տիպի զենիթային կ'այանք (35 կրակոց):
Հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակուած կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արեւելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի մարտական յենակէտում մահացու հրազէնային վիրաւորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնուած Կարէն Արմէնի Գրիգորեանը:
Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:
ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում զոհուած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է, որ հակառակորդի սադրիչ գործողութիւնները անպատիժ չեն մնալու: Ստեղծուած իրադրութեան ողջ պատասխանատուութիւնն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ: