Աղբիւր՝ www.yerkir.am
Դեկտեմբերի 4-ի` ժամը 04:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հիւսիսարեւելեան (Թալիշ) ուղղութեամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիւերսիոն ներթափանցման հերթական փորձը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հաւաստանշել են ադրբեջանական յատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ, կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցաւօք, ծաւալուած մարտերի ընթացքում մահացու հրազէնային վիրաւորում է ստացել ՊԲ զինծառայող` 1995թ. ծնուած Էրիկ Էդիկի Գրիգորեանը:
Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:
ԼՂՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իրզօրակցութիւնը յայտնում զոհուած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներինեւ ծառայակիցներին:
Բացի հետախուզադիւերսիոն գործողութիւնից, դեկտեմբերի 3-ին եւ լոյս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է շուրջ 80 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպէս նաեւ 60 (197 արկ), 82 (43 արկ) միլիմետրանոց ականանետներից, ՀԱՆ-17 (14 արկ), ՌԳՊ-7 (1 արկ) նռնականետներից ու TR-107 տիպի ռէակտիւ հրթիռահրետանային կայանքից (4 արկ) հայ դիրքապահների ուղղութեամբ արձակուել է աւելի քան 650 կրակոց:
Այս պահի դրութեամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի ականանետային եւ հրթիռային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ՊԲ առաջապահ զօրամասերի կողմից ձեռնարկւում են պատժիչ գործողութիւններ` հակառակորդի նախայարձակ ակտիւութիւնը ճնշելու համար: