Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՀՀ  վարչապետ Յովիկ Աբրահամեանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ  նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյեդ Քազեմ Սաջջադիին: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, վարչապետը շնորհաւորել է պարոն Սաջջադիին դեսպանի պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ եւ համոզմունք յայտնել, որ նրա ակտիւ գործունէութիւնը կը նպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամութեան ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում հայ-իրանական փոխգործակցութեան յետագայ զարգացմանն ու խորացմանը:

 

Յովիկ Աբրահամեանը կարեւորել է տնտեսութեան տարբեր ճիւղերում կապերի ընդլայնումը եւ համոզմունք յայտնել, որ Հայաստանի եւ Իրանի կառավարութիւնների սերտ փոխգործակցութիւնը, նախորդ ամիս տեղի ունեցած ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի պաշտօնական այցը ՀՀ եւ երկու երկրներում անցկացուած գործարար համաժողովները նոր թափ կը հաղորդեն համատեղ ծրագրերի իրականացմանը:

Դեսպան Սաջջադին վարչապետ Աբրահամեանին է փոխանցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջոյններն ու նշել, որ պատրաստ է իր ակտիւ աշխատանքով ջանքեր ներդնել Հայաստանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնների զարգացման ու ամրապնդման համար: Դեսպանը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամեանի գործուն մասնակցութիւնը հայ-իրանական տնտեսական փոխգործակցութեան խորացման հարցում եւ վստահութիւն յայտնել, որ առաջիկայում այդ ուղղութեամբ կը գրանցուեն մեծ յաջողութիւններ: Սէյեդ Քազեմ Սաջջադին ընդգծել է, որ դրանում մեծապէս շահագրգիռ են նաեւ Իրանի իշխանութիւնները:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համատեղ տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչուող մի շարք հարցեր: