Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

2014-ին ՀՀ նախագահի դրամաշնորհի մեծ մասը կը յատկացւի Հայոց ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած ծրագրերի իրականացմանը: Դրամաշնորհների մրցոյթը յայտարարւել է այսօր (02/01/2014):

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարէն Աւագեանը նշել է, որ այս տարի Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ աւելացած փաթեթի շրջանակում կիրականացւեն մի շարք միջոցառումներ` սեմինարների, դասընթացների, գիտաժողովների իրականացման, ինչպէս նաեւ տարրատեսակ յօդւածների տպագրման ձեւով:

«Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ բազմաթիւ ծրագրեր են առանձնանալու դրամաշնոհների մրցոյթի շրջանակում: Մտածում ենք նաեւ մեր օրերի հերոսների կարեւորութեան մասին` դա առանձին ծրագրերի մէջ է ներառւած»,- նշել է Աւագեանը: Նրա խօսքով, մեր օրերի հերոսները մեծարելու վառ օրինակ է նաեւ մարտական խնդիրն արիաբար կատարելու ժամանակ օրեր առաջ զոհւած կրտսեր սերժանտ Արմէն Յովհաննիսեանի հերոսական արարքը:

«Ընթացիկ բոլոր ծրագրերը, որոնք իրականացւել ու իրականացւում են, անպայման պահպանւելու են: Խօսքը հակածխախոտային ողջ փաթեթի մասին է, բազմաթիւ հասարակական կազմակերպութիւններ ունենք, որոնք այդ ոլորտում մասնագիտացել են: Միւս ծրագիրը կապւած է գիւղական երիտասարդութեան հետ, որը բացառապէս իրականացւում է հանրապետութեան մարզերում»,- տեղեկացրել է հոգաբարձուների խորհուրդի համակարգողը:

Դրամաշնորհի յատկացման մրցոյթի յանձնաժողովում ընդգրկւել են ՀՀ նախագահի աշխատակազմի, տաբեր գերատեսչութիւնների, հասարակական կառոյցների ներկայացուցիչներ: Մրցոյթի ընդհանուր բիւդջէն տարեկան կազմում է 200 միլիոն դրամ: Մէկ ծրագրի համար յատկացւող առաւելագոյն դրամաշնորհի չափը մէկ կազմակերպութեան համար կազմում է 5 միլիոն դրամ:

«Նախկինում մէկ կազմակերպութեանը տրւող դրամաշնորհի չափը շատ մեծ է եղել, սակայն Երիտասարդական հիմնադրամի որոշմամբ, այլեւս մեծ գումարներ մէկ կազմակերպութեան չենք տրամադրելու, փոխարէնը նպատակայարմար ենք գտել աւելի շատ թւով կազմակերպութիւններ ներգրաւել ծրագրերի իրականացման մէջ»,- աւելացրել է Աւագեանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպութիւնն է, որը ՀՀ նախագահի կողմից յատկացւող դրամաշնորհների մրցոյթներ է կազմակերպում: 2013-ին հիմնադրամը յայտարարել էր դրամաշնորհների մրցոյթներ 7 տարբեր անւանակարգերի համար: Մրցոյթին դիմել էր 19 կազմակերպութիւն, որոնցից 18-ն ստացել էր դրամաշնորհ: Հսկողութեան արդիւնքով պարզւել է, որ մէկ հասարակական կազմակերպութիւն պատշաճ չի կատարեր ծրագիրը, եւ փոխանցւած գումարը ետ է գանձւել: