Աղբիւր՝ www.yerkir.am
Արդէն երկու օր է՝ չի յաջողւում դուրս բերել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին ադրբեջանական գնդակոծութիւնից վնասուած ռուսական բեռնատարը: Yerkir.am-ի տեղեկութիւններով՝ նախօրէին Նոյեմբերեանից «ԿՌԱԶ» են բերել, որի միջոցով փորձել են տեղափոխել բեռնատարը, սակայն հակառակորդը կրակահերթ է բացել ոչ միայն դրա, այլեւ «ԿՌԱԶ»-ի ուղղութեամբ, ինչի արդիւնքում վնասուել է «ԿՌԱԶ»-ի անուադողը: Երեկ գիշեր մեծ դժուարութեամբ յաջողուել է դուրս բերել «ԿՌԱԶ»-ը:
Նշենք, որ այս պահի դրութեամբ յիշեալ ճանապարհահատուածը բաց է: Ուշագրաւ է, որ այս ընթացքում ճանապարհով ընթացող մեքենաների ուղղութեամբ հակառակորդը կրակոցներ չի արձակում, սակայն, երբ փորձում են մօտենալ գնդակոծուած բեռնատարին, ակտիւանում է:
Yerkir.am-ի տեղեկութիւններով ՝ ռուսական բեռնատարի վարորդը, ով ՌԴ քաղաքացի է, այս հարցով դիմել է ՌԴ դեսպանատուն:
Յիշեցնենք, որ յիշեալ դէպքի կապակցութեամբ աւտօմեքենայի վարորդը՝ Ա.Ելդզարովը, ոստիկանութեան Նոյեմբերեանի բաժնում հաղորդում էր տուել: Նոյն օրը ՀՀ քննչական կոմիտէի Տաւուշի մարզային քննչական վարչութիւնում յարուցուել է քրէական գործ՝ ՀՀ քրէական օրէնսգրքի 34-104-րդ յօդուածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կէտերով եւ 185-րդ յօդուածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կէտերով (սպանութեան փորձ, հրկիզման, պայթիւնի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրօնական ատելութեան կամ կրօնական մոլեռանդութեան շարժառիթով գոյքը դիտաւորութեամբ վնասելը): Ա. Ելդզարովը ճանաչուել է տուժող: Նա կրակոցների հետեւանքով մարմնական վնասուածքներ չի ստացել: