Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը մասնակցել է Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութեան (ԻՒՆԵՍԻՕ) գլխաւոր համաժողովի 38-րդ նստաշրջանին։

Արտգործնախարարութեան մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան փոխանցմամբ, նոյն օրը Նալբանդեանը ելոյթ է ունեցել կոնֆերանսի լիագումար նիստին՝ մասնաւորապէս ասելով․ - «Հայաստանը շարունակաբար հրաւիրել է այս բարձր մարմնի ուշադրութիւնը հարեւան Ադրբեջանում գտնուող հայկական մշակութային ժառանգութեան ողբալի իրավիճակի վրայ: Միայն Նախիջեւանի շրջանում հազարաւոր միջնադարեան խաչքարեր, հարիւրաւոր հայկական եկեղեցիներ, վանքեր եւ այլ սրբավայրեր ամբողջութեամբ ոչնչացուել են Ադրբեջանի կողմից, ինչը նպատակ է հետապնդում վերացնել այն ժողովրդի հետքերը, որը դարեր շարունակ բնակուել է այս շրջանում եւ ովքեր այն կոչել են «Նախիջեւան», ինչը հայերէն տառացիօրէն նշանակում է «առաջին իջեւան»՝ նկատի ունենալով աստուածաշնչեան Նոյի իջեւանած առաջին վայրը»:

Նա յիշեցրել է, որ վերջերս Միջազգային կրօնական ազատութեան հարցերով ԱՄՆ յանձնաժողովը 2015 թուականի համար հրապարակած զեկոյցում «խօսելով Նախիջեւանում վանդալիզմի ենթարկուած հայկական գերեզմանատան մասին, արձանագրում է, որ Ադրբեջանում կրօնական ազատութեան հետ կապուած իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ օրինակ բերելով Բաքւում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին, որն այս պահին օգտագործւում է որպէս նախագահի աշխատակազմի արխիւ, եւ բռնագրաւուած Լիւթերական եկեղեցին, որը վերածուել է համերգասրահի»: Եթէ մենք՝ ԻՒՆԵՍԻՕ-ն եւ այլ միջազգային կազմակերպութիւնները, քայլեր չձեռնարկենք այսօր, ինչպիսի՞ ապագայ է վաղը սպասում այս եւ բազմաթիւ այլ վտանգուած յուշարձաններին»,- ասել է Նալբանդեանը:

Որպէս վերոնշեալի վառ հակապատկեր՝ հարեւան Իրանը լուրջ քայլեր է ձեռնարկում հայկական մշակութային ժառանգութեան պահպանման եւ պաշտպանութեան ուղղութեամբ: Իրանում գտնուող հայկական վանական համալիրները, որոնցից ամենահինը թուագրւում է 7-րդ դարով, Իրանի կառավարութեան կողմից ներառուել են Համաշխարհային մշակութային ժառանգութեան ցուցակում: Իր հերթին, Հայաստանը վերանորոգել է 18-րդ դարի իրանական Կապոյտ մզկիթը Երեւանում եւ մտադրւում է այն ներառել Համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկի մէջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նաեւ շեշտել է, որ ահաբեկիչների կողմից բազմաթիւ իսլամական սրբավայրերի ոչնչացումը, հինաւուրց Պալմիրայի եւ Նիմրուդի մշակութային կոթողների աւերումը, Հայոց ցեղասպանութեան բազմաթիւ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զօրի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը եւ նմանօրինակ այլ վայրագութիւնները քաղաքակրթութեան դէմ գործուած յանցանքներ են: «Դրանք յիշեցնում են նմանատիպ բարբարոսութիւնները՝ Բամիասի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջեւանում հայկական միջնադարեան հազարաւոր խաչքարերի եւ այլ յուշարձանների ոչնչացումը: Այս ոճիրները ժամանակին չպատժուեցին՝ ճանապարհ հարթելով նոր յանցագործութիւնների համար: Պատմութիւնը վկայում է, որ անպատժելիութիւնը նոր ոճրագործութիւններ է ծնում», - յայտարարել է Նալբանդեանը:

Համաժողովին մասնակցում են ԻՒՆԵՍԻՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատուիրակութիւններ, որոնք պէտք է հաւանութեան արժանացնեն կազմակերպութեան առաջիկայ տարիների գործունէութեան ծրագիրը եւ բիւջէն։

Կոնֆերանսի ընթացքում նախատեսուած են նաեւ ԻՒՆԵՍԻՕ-ի ղեկավար մարմինների ընտրութիւնները։