Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյեդ Քազեմ Սաջադիին:

Նախարարը շնորհաւորեց դեսպանին Հայաստանում դիւանագիտական առաքելութիւնն սկսելու կապակցութեամբ եւ նշեց, որ հայ ժողովուրդը իւրայատուկ յարգանք է տածում Իրանի հադէպ, որը լինելով Հայաստանի դարաւոր հարեւանը՝ նրան սատար է կանգնել բոլոր դժուար պահերին:

«Ուրախ եմ, որ մեր երկրներն ունեն համագործակցութեան մեծ փորձ, եւ վստահ եմ, որ Ձեր ներկայութիւնն աւելի եւս կը նպաստի այդ յարաբերութիւնների զարգացմանը»,- ասաց Հրանուշ Յակոբեանը՝  ընդգծելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի այն միտքը, թէ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցից յետոյ նորանշանակ դեսպանի համար  ակտիւ գործունէութեան լայն հնարաւորութիւններ են ստեղծուել:

Այնուհետեւ նախարարը դեսպան Սաջադիին ծանօթացրեց նախարարութեան գործունէութեանը՝ մանրամասնօրէն կանգ առնելով իրանահայութեան հետ իրականացուած բազմաբնոյթ ծրագրերի վրայ:

«Մեր աշխատանքներում մենք առաջնորդւում ենք մի բանաձեւով. ճանաչել, վստահել եւ համագործակցել:

Կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը նոյնպէս հիմնուած կը լինի այս սկզբունքի վրայ»,- ասաց նախարարը:

Շնորհակալութիւն յայտնելով Հրանուշ Յակոբեանին ընդունելութեան  եւ օգտակար տեղեկութիւնների համար՝ Սէյեդ Քազեմ Սաջադին  նշեց, որ խոր յարգանք ու հիացում ունի իրանահայ համայնքի եւ ընդհանրապէս  հայ ժողովրդի հանդէպ եւ մեծ պատիւ է համարում բարեկամ Հայաստանում դեսպանի առաքելութիւն իրականացնելը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ինքը եւս արտերկրներում գտնուող իր հայրենակիցների հետ աշխատելու մեծ փորձառութիւն ունի եւ խորապէս գնահատում է այն մարդկանց, ովքեր նուիրուած են հայրենիքից հեռու ապրող հայրենակիցներին իրենց նախնիների երկրին եւ ազգային աւանդոյթներին կապելու կարեւոր գործին: Այս առումով նա Սփիւռքի նախարարութեան հետ համագործակցելու մեծ պատրաստակամութիւն յայտնեց  եւ վստահեցրեց, որ հնարաւոր ամէն ինչ կ'անի Իրանի եւ Հայաստանի միջեւ զարգացնելու տնտեսական,  մշակութային եւ մարդկային յարաբերութիւնները:

Երկուստէք կարեւորուեց երկու երկրների ներուժը միմեանց առաւել ճանաչելի դարձնելու նպատակով  համատեղ ծրագրերի իրականացումը, որոնցում կարելի է ներգրաւել ոչ միայն Հայաստանի եւ Իրանի ազգաբնակչութեանը, այլեւ այլ երկրներում ապրող հայերին եւ իրանցիներին: