Աղբիւր՝ www.armenian.irib.ir

«ԻՌՆԱ»-ն հաղորդել է, որ հինգշաբթի հոկտեմբերի 15-ին, Երեւանում կայացած Իրանի եւ Հայաստանի տնտեսական գործարարների համատեղ համաժողովի ժամանակ, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ՝ Էսհաղ Ջահանգիրին ընդգծել է.- «Նկատի առնելով, որ այաստանը ԵՏՄ-ի անդամ միակ երկիրին է, որը Իրանի հետ հարեւան է եւ հաշուի առնելով, որ հայ վաճառականները լաւատեղեակ են Եւրասիական Տնտեսական Միութեան, յատկապէս՝ Ռուսաստանի շուկայի մասին, ուստի Հայաստանը կարող է օգնել իրանցի արտադրողներին իրենց ապրանքները ԵՏՄ-ի շուկաներում վաճառելու համար»:

Ջահանգիրին յաւելել է.-«Հայաստանի հիւսիս-հարաւ մայրուղու եւ Հայաստան-Իրան  երկաթուղու կառուցման նախագծերն այն կարեւոր խնդիրներն են, որոնք կարող են օգնել Հայաստանից ապրանքները դիւրութեամբ տեղափոխել Իրան, ուստի դա մեծ ազդեցութիւն կարող  է ունենալ ոչ միայն երկու երկրի, այլեւ տարծաշրջանի վրայ»:

ԻԻՀ նախագահի  առաջին տեղակալը   տեղեկացրել է,  որ առաջիկայ նոյեմբերին Հայաստանի առեւտրական մի բարձրաստիճան  պատուիրակութիւն ուղեւորուելու է Իրան: «Նախատեսուած է իրանցի եւ հայ առեւտրականների ներկայութեամբ նոյեմբերին Թեհրանում տեղի ունենայ տնտեսական համագումար, որի ընթացքում կը քննարկուեն այսօր Երեւանում կայացած համագումարի լրացուցիչ դրոյթները»:

 
 
Աղբիւր՝ www.armenian.irib.ir
 
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻՑ ՍԵՒ ԾՈՎ ՄԻՋԱՆՑՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ

Հայաստանն ու Իրանը աշխատանքներ են տանում Պարսից ծոցից Սեւ ծով, իսկ այնտեղից էլ Բուլղարիայ տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղութեամբ:

«Սա կարեւոր է նաեւ Հայաստանի համար, քանի որ այն ելք չունի դէպի ծով եւ կարող է օգտագործել այս միջանցքը Պարսից ծով դուրս գալու համար: Մենք նոյնպէս կարող ենք օգտագործել այս միջանցքը՝ Հայաստանի ու Վրաստանի տարածքները, դուրս գալու Սեւ ծով»,- «Ազատութեան» հետ զրոյցում ասաց Իրանի տրանսպորտի նախարար Աբաս Ահմադ Ախունդին, ով Հայաստան է եկել Իրանի առաջին փոխնախագահի գլխաւորած պատուիրակութեան կազմում: «Այս նպատակով քառակողմ համագործակցութեան մասին է խօսուել՝ Իրան, Հայաստան, Վրաստան եւ Բուլղարիայ»,- յաւելեց Ախունդին:

Իրանցի պաշտօնեայի խօսքով, հայկական կողմի հետ քննարկուել են նաեւ երկու երկրները կապող աւտոմայրուղու վերանորոգման եւ երկաթգծի կառուցման հարցերը:

«Երկաթգծի կառուցման հարցը յատկապէս հետաքրքրում է հայկական կողմին: Իրանական հատուածում այն գրեթէ պատրաստ է, գործում է մինչեւ Ջուլֆայ եւ Ջուլֆայից մինչեւ Մեղրի ընդամէնը 60 կիլօմետր է, իսկ հայաստանեան հատուածը աւելի երկար է: Հայկական կողմը ցանկանում է վստահ լինել, որ եթէ երկաթուղու հայաստանեան հատուածը կառուցուի, աւարտին կհասցուի նաեւ իրանական մասը»,- նշեց Իրանի տրանսպորտի նախարարը:

Հայ-իրանական երկաթուղու կառուցման հարցը Հայաստանի իշխանութիւնների օրակարգում է 2008թ.-ից, երբ ընտրութեան առաջին տարում նախագահ Սարգսեանը Ազգային ժողովում այդ մասին խոստում տուեց: Մինչ այժմ, սակայն, այդպէս էլ չի յաջողուել գտնել ռազմավարական նշանակութեան այդ նախագծի ֆինանսաւորման աղբիւրը:

Անցած ամիս վարչապետ Հովիկ Աբրահամեանի Չինաստան կատարած այցից յետոյ էկոնոմիկայի նախարար Կարէն Ճշմարիտեանը լրագրողներին յայտնեց, որ չինական կողմը սկսել է ուսումնասիրել երկաթգծի նպատակայարմարութիւնը, եւ եթէ այն շահաւէտ գնահատուի, Պեկինը կը ֆինանսաւորի 3.2 միլիարդ դոլար գնահատուող նախագիծը։

Այսօր Իրանի տրանսպորտի նախարարից հետաքրքրուեցինք՝ իր գնահատմամբ ե՞րբ իրականութիւն կը դառնան հայ-իրանական երկաթգիծը եւ իր նշած ծրագրերը:

«Պարսից ծոցից մինչեւ Բուլղարիայ միջանցքը կարելի է արագ կեանքի կոչել, այստեղ խնդիրը գլխաւորապէս վերաբերում է փոխադարձ համաձայնութիւնների ձեռք բերմանը: Երկաթուղու հետ կապուած՝ կարող եմ ասել հետեւեալը՝ քանի որ աշխատանքի մեծ մասը պէտք է արուի Հայաստանում, մենք վստահեցրել ենք հայկական կողմին, որ երբ 3 միլիարդ դոլար ներդրման 1/3-րդը արդէն կատարուած լինի, իրանական հատուածի երկաթգիծը մենք կը կառուցենք»,- նշեց Ախունդին:

Այսօր Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հայաստանեան այցի վերջին օրն է: Առաւօտեան բարձրաստիճան հիւրը Մատենադարանում էր, այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամեանի հետ մասնակցեց Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

Ջահանգիրիին ընդունել է նաեւ նախագահ Սարգսեանը` համոզմունք յայտնելով, որ եկել է ժամանակը երկկողմ օրակարգն ընդլայնելու եւ հայ-իրանական յարաբերութիւնների մակարդակը եւս մէկ աստիճանով բարձրացնելու: