Աղբիւր՝ www.yerkir.am

 

Վարչապետ Յովիկ Աբրահամեանն կառավարութիւնում ընդունել է պաշտօնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխաւորած պատուիրակութեանը:

ՀՀ վարչապետի եւ ԻԻՀ առաջին փոխնախագահի առանձնազրոյցից յետոյ տեղի է ունեցել երկու երկրների պաշտօնական պատուիրակութիւնների ընդլայնուած կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկուել են հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների զարգացմանն ու խորացմանն առնչուող հարցերի լայն շրջանակ:

Ողջունելով ՒԻՀ առաջին փոխնախագահին եւ նրա գլխաւորած պատուիրակութեան անդամներին ՀՀ կառավարութիւնում՝ ՀՀ վարչապետը նշել է. «Ջերմ յիշողութիւններ ունեմ անցած տարի Իրանի Իսլամական Հանրապետութիւն կատարած իմ այցից, որը լաւ առիթ էր երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերը հանգամանալից քննարկելու եւ անելիքները նախանշելու համար: Մենք միշտ կարեւորել ենք բարեկամ եւ հարեւան Իրանի հետ յարաբերութիւնների շարունակական զարգացումը: Իրանը մեր կարեւորագոյն գործընկերներից է, որի հետ համագործակցութեան հարուստ օրակարգ ունենք»: Յովիկ Աբրահամեանը վստահութիւն է յայտնել, որ Իրանի առաջին փոխնախագահի այցը հնարաւորութիւն կը տայ ամփոփել ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների կատարման ուղղութեամբ իրականացուած աշխատանքները եւ յստակեցնել յետագայ քայլերը:

Էսհաղ Ջահանգիրին շնորհակալութիւն է յայտնել վարչապետ Հովիկ Աբրահամեանին Հայաստան այցելելու հրաւէրի համար եւ նշելով, որ ուրախ է գտնուել բարեկամ երկրում: «Հայաստանը եւ Իրանն ունեն բազմադարեայ բարիդրացիական յարաբերութիւններ, որոնք միշտ եղել են երկու երկրների ժողովուրդների բարեկամութեան հիմքում: Հայաստանի Հանրապետութիւնն իր յատուկ տեղն ունի Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան մէջ, եւ մենք որեւիցէ սահմանափակում չունենք Հայաստանի հետ մեր յարաբերութիւնները զարգացնելու առումով: Նախորդ տարի Ձեր պաշտօնական այցի ժամանակ մենք պայմանաւորուեցինք՝ իւրաքանչիւր տարի եւ Երեւանում, եւ Թեհրանում հանդիպել, միասին քննարկել առկայ բոլոր հարցերը եւ եթէ կան խնդիրներ, լուծում տալ դրանց»,- ընդգծել է Իրանի առաջին փոխնախագահը:

ՀՀ վարչապետը եւ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նախ եւ առաջ գոհունակութիւն են յայտնել Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցութիւնների դրական արդիւնքների եւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների կապակցութեամբ՝ ընդգծելով, որ դրանք կը ծառայեն ի շահ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութեան ու կայուն զարգացման համար:

Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ գոյութիւն ունի քաղաքական երկխօսութեան բարձր մակարդակ, եւ անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերը երկկողմ տնտեսական համագործակցութեան մեծ ներուժն իրացնելու եւ առեւտրատնտեսական յարաբերութիւնները սերտացնելու ուղղութեամբ: Այս համատեքստում Յովիկ Աբրահամեանը եւ Էսհաղ Ջահանգիրին կարեւորել են հոկտեմբերի 15-ին Երեւանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որը հնարաւորութիւն կը տայ ակտիւացնել եւ ընդլայնել գործարար կապերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական փոխշահաւէտ համագործակցութեան օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առեւտրատնտեսական յարաբերութիւնների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային ենթակառուցուածքների զարգացմանը, ինչպէս նաեւ զբօսաշրջութեան եւ մշակոյթի բնագաւառներում գործակցութեան խորացմանը:

Յովիկ Աբրահամեանը եւ Էսհաղ Ջահանգիրին, մասնաւորապէս, գոհունակութիւն են յայտնել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների մեկնարկի կապակցութեամբ՝ համոզմունք յայտնելով, որ դրանք կ'ընթանան եւ կ'աւարտուեն համաձայն սահմանուած ժամանակացոյցի՝ 2018 թուականին: ՀՀ կառավարութեան ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է այս ծրագրի իրականացումը, քանի որ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը հնարաւորութիւն կը տայ մեր երկրին 2018 թուականից աւելացնել գազ-էլեկտրաէներգիայ փոխանակման ծաւալը: Անդրադարձ է եղել նաեւ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հետ կապուած յետագայ քայլերին: Երկուստէք կարեւորուել է հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի գործունէութիւնը, ինչպէս նաեւ անհրաժեշտ են համարուել պարբերական հանդիպումները, որոնք կը խթանեն երկու երկրների առեւտրատնտեսական կապերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եւրասիական տնտեսական միութեանը Հայաստանի անդամակցութեանը եւ ԷԱՏՄ-Իրան յարաբերութուններին առնչուող հարցերի: Վարչապետ Աբրահամեանը նշել է, որ Հայաստանը կարող է լաւ հարթակ լինել ԷԱՏՄ-ԻԻՀ համագործակցութեան համար եւ ՀՀ կառավարութեան անունից պատրաստակամութիւն յայտնել աջակցելու ԷԱՏՄ-Իրան երկխօսութեան ձեւաւորմանը եւ տնտեսական գործակցութեան զարգացմանը:

Այնուհետեւ հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի հայկական եւ իրանական կողմերի համանախագահները զեկուցել են երկկողմ պայմանաւորուածութիւնների եւ տրուած յանձնարարականների կատարման ընթացքի վերաբերեալ: Տրանսպորտային ենթակառուցուածքների զարգացման եւ պատմամշակութային կապերի սերտացման ուղղութեամբ կատարուած աշխատանքների մասին զեկուցումներով են հանդէս եկել նաեւ հայկական եւ իրանական կողմերի համապատասխան նախարարները: Երկուստէք ընդգծուել է, որ ձեւաւորուել է արդիւնաւէտ համագործակցութիւն, բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանուած ժամկէտում եւ նախատեսուած ծաւալով, ինչպէս նաեւ մշտական կապի միջոցով լուծում է տրւում ցանկացած հարցի:

Նշուած հարցերի համատեքստում ՀՀ վարչապետը եւ ԻԻՀ առաջին փոխնախագահն անդրադարձել են ճանապարհային ենթակառուցուածքների ծրագրերին, մասնաւորապէս, Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին եւ Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստէք կարեւորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցութեան բարելաւման եւ միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում: Կողմերը կարեւորել են նաեւ մշակոյթի ոլորտում իրականացուող համագործակցութիւնը եւ պատմամշակութային հարուստ ժառանգութեան պահպանումը:

Հանդիպման աւարտին Հայաստանի վարչապետը եւ Իրանի առաջին փոխնախագահը վերահաստատել են երկկողմ պատրաստակամութիւնը՝ շարունակելու փոխշահաւէտ բարեկամական եւ կառուցողական համագործակցութեան զարգացմանն ուղղուած քայլերն ու ծրագրերը:

ՀՀ վարչապետի Յովիկ Աբրահամեանի անունից ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխաւորած պատուիրակութեան պատուին տրուել է պաշտօնական ընթրիք: