Աղբիւր՝ www.yerkir.am
Նախագահ Սերժ Սարգսեանին իր հաւատարմագրերն է յանձնել Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյեդ Քազեմ Սաջադին:
Հանրապետութեան Նախագահը շնորհաւորել է դեսպանին մեր երկրում դիւանագիտական առաքելութիւնն սկսելու կապակցութեամբ եւ մաղթել յաջողութիւններ: Սերժ Սարգսեանը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանութեան շուրջ քսան տարիների գործունէութիւնը եւ յոյս յայտնել, որ դեսպան Սաջադին կը շարունակի մեծ ուշադրութեամբ վերաբերուել հայ-իրանական յարաբերութիւններին, ինչպէս դա արել են Հայաստանում իրենց դիւանագիտական առաքելութիւնն աւարտած ու արդէն հայ ժողովրդի բարեկամների շարքերը համալրած Իրանի նախորդ բոլոր դեսպանները՝ ներդնելով բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ յարաբերութիւնների առաւել ամրապնդման, համագործակցութեան յետագայ ընդլայնման գործում:
Նշելով, որ դեսպան Սաջադին պաշտօնավարումն սկսել է կարեւոր մի ժամանակահատուածում, երբ սպասւում է բարեկամ Իրանից բարձրաստիճան այցելութիւն՝ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցը, Նախագահն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանի համար դա ակտիւ գործունէութեան շատ լաւ սկիզբ եւ հնարաւորութիւն է:
Հանդիպմանը ՀՀ Նախագահը եւ ԻԻՀ դեսպանն անդրադարձել են երկկողմ բարձր մակարդակի պայմանաւորուածութիւնների արդիւնքում հաստատուած տարբեր ոլորտներ ներառող հայ-իրանական խոշոր նախագծերի իրագործմանը, որոնք, նրանց համոզմամբ, որակական նոր մակարդակի կը բարձրացնեն երկկողմ յարաբերութիւնները:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ինտէգրացիոն նոր գործընթացներն աւելի լայն հնարաւորութիւններ են ստեղծում Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցութիւնը զարգացնելու համար:
Դեսպանը մեծագոյն դրուատանքով է խօսել իրանահայ համայնքի մասին՝ ընդգծելով համայնքի մեծ դերակատարութիւնը երկկողմ միջպետական յարաբերութիւների ամրապնդման գործում: Իր համար մեծ պատիւ համարելով բարեկամ Հայաստանում դեսպանի առաքելութիւնն իրականացնելը՝ Սէյեդ Քազեմ Սաջադին վստահեցրել է, որ նոյնպիսի նուիրուածութեամբ եւ եռանդով կը շարունակի նախորդ դեսպանների աշխատանքը եւ այդ բարենպաստ հիմքի վրայ կ'անի ամէն հնարաւորը՝ զարգացնելու եւ աւելի խորացնելու հայ-իրանական կապերը: