Աղբիւր՝ www.azatutyun.am

 

«Շարունակելու ենք աջակցել նրանց, ովքեր կարծում են, որ եւրոպական արժէքներն ու Եւրոպան Հայաստանի համար ճիշտ տարբերակ են»,- ասում է Յանուն ժողովրդավարութեան եւրոպական հիմնադրանի նախագահը:

Անցյալ տարւայ յուլիսին Եւրամիութեան կողմից ստեղծւած Յանուն ժողովրդավարութեան եւրոպական հիմնադրամը պատրաստ է շարունակել Հայաստանի ժողովրդավարական հասարակութեան ֆինանսաւորումը: Այս մասին «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց հիմնադրամի նախագահ Եժի Պոմեանովսկին: 

«Հայաստանը եղել է եւ մնում է այն երկիրը, որը մենք կարեւորում ենք: Թէեւ մենք հասկանում ենք, որ իրավիճակը հիմա բարդ է, Եւրամիութեան հետ յարաբերութիւնները դանդաղում են, ասոցացման համաձայնագիր չկայ, Արեւելեան հարեւանութեան ծրագրերին Հայաստանի մասնակցութիւնը գնալով նւազելու է, այդուամենայնիւ, մենք դեռ հաւատում ենք, որ կայ Հայաստանի հասարակութեան մի մեծ խումբ, որի համար եւրոպական արժէքներն ու Եւրոպայի հետ ինտեգրացիան մնում է ռազմավարական եւ պատմական ընտրութիւն»,- նշեց Պոմեանովսկին:

Յանուն ժողովրդավարութեան եւրոպական հիմնադրամը ստեղծւել է ժողովրդավարութեան համար պայքարողներին ֆինանսական աջակցութիւն ցուցաբերելու համար: Հարաւային եւ Արեւելեան հարեւանութեան 15 երկրներում ժողովրդավարական նկրտումներ ունեցող հասարակական կազմակերպութիւններ, ակտիւիստական խմբեր, անհատներ, լրագրողներ կարող են դիմել այս հիմնադրամին` Եւրամիութեան կողմից առանց եւրոպական բիւրոկրատիայի ֆինանսական աջակցութիւն ստանալու համար: Հիւսիսային Աֆրիկայի, Մերձաւոր Արեւելքի, ինչպէս նաեւ Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Հայաստանի 200 հասարակական կազմակերպութիւններ ու անհատներ հինգ ամսւայ ընթացքում դիմել են այդ հիմնադրամին, նրանցից 36-ը ստացել են աջակցութիւն:

«Տեսնելով, թէ ինչ է այսօր կատարւում Կիեւում կամ Կահիրէում, մենք հասկանում ենք, որ ֆոնդը հիմնելու դրդապատճառները դեռ ուժի մէջ են, եւ մարդիկ կարիքն ունեն մի ճկուն եւ պակաս բիւրոկրատական քաշքշուքներով կազմակերպութեան, որը կօգնի մարդու իրաւունքների, քաղաքական ազատութեան եւ ակտիւիզմի հարցերում»,- ասաց հիմնադրամի նախագահը:

Յանուն ժողովրդավարութեան եւրոպական հիմնադրամի բիւդջէն 26 միլիոն եւրօ է: Դիմորդները կարող են աջակցութիւն ստանալ 80-200 հազար եւրոյի շրջանակներում: Ադրբեջանում այս հիմնադրամը, օրինակ, ֆինանսաւորել է յայտնի ընդդիմադիր բլոգերներ Հեբիբ Միւնթեզիրի ու մի քանի անգամ ազատազրկւած Էմին Միլլիի հիմնադրած ինտերնետային «Մէյդան ԹիՎի»-ն, Հայաստանում` փոքրամասնութիւնների իրաւունքների եւ հաւասար հնարաւորութիւնների համար պայքարող հասարակական կազմակերպութիւններին:

«Ազատութիւն» ռադիոկայանի հարցին՝ Մաքսային միութեանը Հայաստանի անդամակցելու որոշման մասին նախագահ Սերժ Սարգսեանի 2013-ի սեպտեմբերի 3-ի յայտարարութիւնից յետոյ Եւրամիութեան հիմնադրամի քաղաքականութիւնը Հայաստանի եւ այնտեղ գործող քաղաքացիական հասարակութեան հանդէպ կարո՞ղ է փոխւել, Պոմեանովսկին արձագանքեց․- «Թէ՛ այդ յայտարարութիւնից առաջ եւ թէ՛ յետոյ մենք հաւասարապէս շարունակելու ենք Հայաստանում աջակցել նրանց, ովքեր կարծում են, որ եւրոպական արժէքներն ու Եւրոպան Հայաստանի համար ճիշտ տարբերակ են, բայց մենք համոզւած ենք, որ փոփոխութիւնը եւ պատմական ընտրութիւնը դրսից չպէտք է ներդրւեն Հայաստանում, այլ պետք է ծնւեն ներսում` հենց հայերի կողմից: Բայց միաժամանակ, երբ դա ներսում ծնւի, կստանայ նրանց աջակցութիւնը, ովքեր նոյն արժեհամակարգն ունեն: Այնպէս որ, Լեհաստանում, Սլովակիայում, Չեխիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում ապրող մարդիկ, ովքեր կիսում են հայերի հետ նոյն արժէքները, կաջակցեն նրանց: Մենք էլ կաջակցենք»:

Եւրոպացի դիւանագէտի խօսքերով՝ Հայաստանն իր եւրոպական ընտրութիւնը պէտք է ապացուցի: «Եթէ հասարակութեան մեծամասնութիւնը ուրախ չէ իշխանութիւնների որոշումից, այն պետք է ժողովրդավարական ճանապարհներով փոխի իր առաջնորդներին նորերի հետ, որոնք կը կիսեն իր արժէքները: Արդեօ՞ք սա Հայաստանի դէպքն է: Ես չգիտեմ, մենք կը հետեւենք առաջիկայ ընտրութիւններին, եւ այն մարդիկ, ովքեր երազում են Հայաստանի եւրոպական ապագայի մասին, պէտք է բարձրացնեն իրենց ձայնն ու լսելի դարձնեն այն»,- յայտարարեց Եժի Պոմեանովսկին: