Աղբիւր՝ www.yerkir.am

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայութիւնն արդէն տեղեկացրել է, որ ս.թ. սեպտեմբերի 25-ին` 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկուել ԼՂՀ հիւսիսարեւելեան ուղղութեամբ տեղակայուած ՊԲ զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասը, որի արդիւնքում հայկական կողմն ունի զոհեր եւ վիրաւորներ: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122 մմ հրետանային միջոցներ` հարուածներ հասցնելով ոչ թէ առաջնագծում տեղակայուած դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայուած ստորաբաժանումներին:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային կառոյցների ուշադրութիւնն է հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրութիւն է ստեղծում, ինչը լայնածաւալ ռազմական գործողութիւնների անցման հերթական քայլն է:

Հակամարտութեան կարգաւորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինուած ուժերի զուսպ պահուածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ միջագային կառոյցների արձագանքը որեւէ կերպ չեն ազգում հակառակորդի վրայ հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ աւելին` նրա մօտ սեփական զինուած ուժերի գերազանցութեան պատրանք են ստեղծում` հրահրելով անպատժելիութեան մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրութիւնների:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրութեան հետեւողական լարումը, որը պարբերաբար յանգեցնում է մարդկային կորուստների, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան անհասցէ քննադատութիւնը եւ մտահոգութիւններն անընդունելի են:

Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողութիւնները կանխարգելելու եւ դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինուած ուժերի կողմից այսուհետ օգտագործուելու են հրետանային եւ հրթիռային խոցման համարժէք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինուած ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զօրաշարժերը, զինտեխնիկան եւ կենդանի ուժը:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւն