Աղբիւր՝ www.panarmenian.net

 

Յունւարի 28-ին հիւսիսային ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակւած գնդակից գլխի հատւածում մահացու հրազէնային վիրաւորում է ստացել զինծառայող, 1994-ի ծնւած Կարէն Գագիկի Գալստեանը: Ինչպէս տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայութիւնից, միջադէպի հետ կապւած մանրամասները պարզելու համար տարւում է քննութիւն:

Վերջին օրերին թէ հայ-ադրբեջանական սահմանի, թէ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիւ խախտում է հրադադարը: Յունւարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հիւսիս-արեւելեան (Ջրաբերդ) եւ հարաւ-արեւելեան (Կորգան) ուղղութիւններում հակառակորդը դիւերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակեայ փորձեր էր արել, բռնկւած փոխհրաձգութեան արդիւնքում հակառակորդի կողմից ստացած հրազէնային վիրաւորումից զոհւել էր կրտսեր սերժանտ Արմէն Յովհաննիսեյանը: Աւելի ուշ նախագահ Բակօ Սահակեանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմէն Յովհաննիսեանին հետ-մահու պարգեւատրւել էր «Արիութեան համար» մեդալով:

Ըստ ԼՂՀ ՊԲ տվեալների, յունւարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատւածում հակառակորդը հրադադարը խախտել է մօտ 1500 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղութեամբ արձակելով աւելի քան 14,000 կրակոց: Յունւարի 23-ից լոյս 24-ի գիշերն ինտենսիւ կրակել են նաեւ Տաւուշի սահմանամերձ մի շարք գիւղերի՝ Ներքին Կարմիրաղբիւրի, Այգեպարի, Մովսէսի ու Չինարիի ուղղութեամբ:

Պառաւաքարի գումարտակի հրամանատար Դաւիթ Անիկեանի 16-ամեայ դուստրը` Լիանան, վիրաւորւել է Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազէնային կրակոցից, աղջկան տեղափոխել են Բերդի հիւանդանոց, որտեղ վիրահատել են, վիճակը կայուն է:

Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը յունւարի 24-ին մամուլի ասուլիսում ասել էր, որ այսօրւայ դրութեամբ Ադրբեջանի հետ պատերազմի հաւանականութիւնը խիստ ցածր է գնահատում, չնայած, ինչպէս «վտանգ միշտ էլ կայ»: Ապա յաւելել է, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարւածութիւնը պայմանաւորւած է սահամաններում ու շփման գծում որոշակի իրադարձութիւններով, ինչպէս նաեւ քաղաքական բանակացային հանդիպումներով, սակայն իրադրութիւնը վերահսկելի է: Նախարարը նշել էր նաեւ, որ քանի դեռ խաղաղութեան պայմանագիրը կնքւած չէ` կրակոցներ լինելու են, պէտք է պատրաստ լինենք, դրանց համարժեք պատասխան է տրւելու:

Յունւարի 24-ին Հայաստանի սոցապ նախարարութիւն այցելութեանը նախագահ Սերժ Սարգսեանն անդրադարձել էր վերջին օրերին հակառակորդի կողմից հրադադարի խախտումներին: Նա նշել էր, որ չի կարող բացառել, որ ռազմական գործողութիւններ չեն լինի, «որովհետեւ մեր երկրում առնւազն երկու մարդ՝ նախագահն ու պաշտպանութեան նախարարը երեւի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողութիւններ սկսւել», չնայած տեսանելի ապագայում նման բան չի տեսնում: Նա նշել էր նաեւ, որ եթէ պարտադրեն, ստիպւած ենք լինելու կռւել:

Յունւարի 24-ին Փարիզում հանդիպել էին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդւարդ Նալբանդեանը, Էլմար Մամեդեարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջէյմս Ուորլիքն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկը:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները նախ առանձնազրոյց էին ունեցել ԵԱՀԿ ՄԽ համախագահների հետ, ապա բանակցութիւնները շարունակել ընդլայնւած ձեւաչափով` արտգործնախարարների, համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցութեամբ։

Հիմնւելով 2013-ի նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ձեռք բերած պայմանաւորւածութիւնների վրայ, որոնց շարունակութիւնը դեկտեմբերի 5-ին Կիեւում ԱԳ նախարարների հանդիպումն էր` քննարկւել էին խաղաղ կարգաւորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկւելիք քայլերը: Պայմանաւորւածութիւն էր ձեռք բերւել յաջորդ ամսւայ առաջին կէսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերեալ:

ԸՍՏ ԼՂՀ ՊԲ հաշւարկների, յունւարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատւածում լարվածութիւնը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հասել էր գագաթնակէտին: