Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունել է Հայաստանում  ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռէյսիին: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին նախարարութեան լրատուական ծառայութիւնից, ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-իրանական յարաբերութիւնների ասպարէզում ունեցած նրա ներդրումը եւ երախտագիտութիւն յայտնել պաշտօնավարման ընթացքում իրանահայութեան հետ նախարարութեան իրականացրած համայնքային ծրագրերին եւ այլ ձեռնարկներին աջակցելու համար:

«Ուրախ եւ երախտապարտ եմ արդիւնաւէտ համագործակցութեան եւ այն անկեղծ վերաբերմունքի համար, որ ցուցաբերել էք  Դուք Հայաստանի եւ հայութեան հանդէպ, - նշել է նախարարը՝ վստահութիւն յայտնելով, որ ապագայում եւս նա իր իմացութիւններով կը նպաստի հայ-իրանական կապերի զարգացմանը:

Շնորհակալութիւն յայտնելով նախարարին ջերմ խօսքերի եւ գնահատանքի համար՝ դեսպան Մուհամմադ Ռէյսին ասել է, որ մեծ յարգանք ու սէր է տածում հայ ժողովրդի հանդէպ եւ ուրախ է, որ մի քանի տարի հնարաւորութիւն է ունեցել ծառայել երկու բարեկամ երկրների յարաբերութիւնների սերտացման գործին: Նա շեշտել է, որ աւելի քան լաւատես է իրանահայկական յարաբերութիւնների ապագայի հանդէպ, քանի որ այն ունի մեծ ներուժ եւ հիմնուած է դարերի փորձառութեան վրայ:

Զրոյցի ընթացքում երկուստեք կարեւորուել է այն հանգամանքը, որ այս դժուար տարածաշրջանում Իրանը եւ Հայաստանը պահպանում են բարի-դրացիական անկեղծ յարաբերութիւններ, ինչը մեծապէս նպաստում է տարածաշրջանի խաղաղութեանն ու կայունութեանը: