Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարար Արփինէ Յովհաննիսեանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում դիւանագիտական առաքելութիւնն աւարտող Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռէյիսին:

Նախարարը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարարութիւնում եւ ընդգծել, որ Իրանի հետ բարիդրացիական յարաբերութիւնների յետագայ զարգացումն ու խորացումը Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան գերակայ ուղղութիւններից մէկն է:

Արդարադատութեան նախարարը վստահութիւն է յայտնել, որ դիւանագիտական առաքելութիւնն աւարտելուց յետոյ եւս Մոհամմադ Ռէյիսին իր աւանդը կ'ունենայ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ յարաբերութիւնների խորացման հարցում:

Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռէյիսին շնորհակալութիւն է յայտնել հանդիպման համար, շնորհաւորել Արփինէ Յովհաննիսեանին արդարադատութեան նախարարի պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ եւ յաջողութիւն մաղթել նրան յետագայ գործունէութեան ընթացքում:

Անդրադառնալով երկու երկրների արդարադատութեան ոլորտում ունեցած համագործակցութեանը՝ Մոհամմադ Ռէյիսին նշել է, որ դրանք զարգացող են եւ ներկայում էլ գտնւում են բարձր մակարդակի վրայ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների արդարադատութեան ոլորտում համագործակցութեան խորացմանը, իրաւական փոխօգնութեան յետագայ զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: