Աղբիւր՝ www.yerkir.am

 

Artsakhpress.am-ը հաղորդում է, որ այսօր` վաղ առաւօտեան, Արցախի ազատամարտիկների միութեան (ԱԱՄ) նախաձեռնութեամբ, Ստեփանակերտից Հայաստանի Հանրապետութեան հիւսիսարեւելեան՝ Տաւուշի սահմանագօտի է մեկնել հարիւր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Յարութիւնեանի եւ միութեան նախագահ Սամուէլ Կարապետեանի գլխաւորութեամբ:

«Արցախպրես»-ի թղթակիցն այդ կապակցութեամբ մեկնելուց առաջ զրուցել է ազատամարտիկների հետ նրանց տրամադրուածութեան եւ նպատակների մասին:

Սամուէլ Աղաջանեան, Արցախի ազատամարտիկների միութեան Ասկերանի տարածքային միաւորման նախագահ

- Մենք պատրաստ ենք «Մէկ ազգ, մէկ հայրենիք» կարգախօսի ներքոյ ծառայելու մեր հայրենիքի բոլոր հատուածներում:Մեկնում ենք մեծ ոգեւորութեամբ ու բարձր տրամադրութեամբ: Մեր նպատակն է մէկ անգամ եւս թշնամուն ջախջախիչ հարուած հասցնել եւ հասկացնել, որ այլեւս հրաժարուի նման ոտնձգութիւններից: Աւելին՝ Արցախի ազատամարտիկները միշտ պատրաստ են մեկնել նաեւ Արեւմտեան Հայաստան՝ ազատագրելու մեր հայրենիքի միւս հատուածները եւս: Ասկերանի տարածքային միաւորման անդամներից շատերն են ցանկութիւն յայտնել սահմանագիծ մեկնելու, սակայն տեղերի սահմանափակ լինելու պատճառով այս անգամ աւելի քիչ ազատամարտիկներ են ընդգրկուել Ասկերանից:

Էդիկ Խաչատրեան, Արցախի ազատամարտիկների միութեան աշխատակազմի ղեկավար

- Մեկնում ենք մեծ ոգեւորութեամբ: Իւրաքանչիւրիս պարտքն է պաշտպանել հայրենիքի սահմաններն ու ապահովել մեր ժողովրդի անվտանգութիւնը: Մենք ունենք մէկ ընդհանուր հայրենիք ու սահման եւ պատրաստ ենք ցանկացած պահի դիմագրաւելու թշնամու բոլոր ոտնձգութիւններն ու դաս տալու նրան: Սահմանագիծ մեկնելու եւ մեր զինուորների կողքին կանգնելու մեր հերթական առաքելութեան նպատակը մէկ անգամ եւս ցոյց տալն է, որ հայ ազգը պատրաստ է ցանկացած պահի միասնական գործելու, ինչը մեր յաղթանակի գրաւականն է:

Հարութ Մնացականեան, ԱԱՄ «Հայրենեաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպութեան նախագահ

- Մենք տրամադրուած ենք մարտական, եւ երիտասարդական խմբում կամաւոր ընդգրկուած 7 տղաները կազմ ու պատրաստ են փորձառու ազատամարտիկների կողքին իրականացնելու ցանկացած մարտական առաջադրանք: Նաեւ ոգեւորուած ենք, քանի որ կրկին մեր հայրենիքի սահմանին ենք կանգնելու: Այս այցելութիւնը սահմանագիծ խորհրդանշական բնոյթ է կրում, քանզի սահմանին կանգնած մեր զինուորներն անթերի ու վստահ են իրականացնում իրենց առաքելութիւնը: Մեր նպատակն է եւս մէկ անգամ ցոյց տալու մեր միասնութիւնն եւ այն կամքը, որ պատրաստ ենք կանգնելու բոլորիս հայրենիքի սահմանի ցանկացած հատուածի պաշտպանութեան դիրքերում:

Հրաչիկ Նասիբեան, ԱԱՄ Ստեփանակերտի տարածքային 5-րդ միաւորման նախագահ

Յաճախ ենք մասնակցութիւն ունենում ռազմահայրենասիրական տարաբնոյթ միջոցառումների կազմակերպմանը՝ լինի դա Արիութեան դաս, այցելութիւն սահմանագիծ: Կարծում եմ, որ սահմանը բոլորիս տունն է: Մարտական տրամադրուածութեամբ էլ մեկնում ենք հայրենիքի սահման՝ մեր ներդրումն ունենալու նրա պաշտպանութեան գործում: Մենք չենք յարձակւում եւ չենք ուզում պատերազմել, բայց որտեղից մեզ վրայ կրակեցին, այնտեղ նրանց կ'ոչնչացնենք: