Աղբիւր՝ www.news.am
Ղարաբաղեան պատերազմում հրադադարի պայմանագիր ստորագրելուց յետոյ 20 տարւայ ընթացքում հայկական բանակը հզօրացել է, եւ այսօր այն յարգանքի է արժանացել ոչ միայն աշխարհի այլ երկրների բանակների կողմից, այլեւ վաստակել է հայ ժողովրդի սէրն ու վստահութիւնը: Այս մասին յունւարի 27-ին յայտարարել է ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը` ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում բանակի կազմաւորման 22-րդ տարեդարձին նւիրւած հանդիսաւոր նիստի ժամանակ:
Ըստ նրա` 20 տարի առաջ կնքւած յաղթական հրադադարը ձեռք էր բերւել հայ ժողովրդի միասնութեան, արիութեան եւ բազմաթիւ դժւարութիւններին դիմակայելու շնորհիւ: «Փառք ու պատիւ մարտի դաշտում բոլոր զոհւածներին, նրանց, ովքեր լուռ եւ առանց օգնութիւն կանչելու մինչեւ վերջ պայքարել են, զոհւել կամ անհետ կորել: Եւ չնայած մենք նրանց մասին ոչ մի տեղեկութիւն չունենք, մենք պահպանում եւ սերունդներին ենք փոխանցում նրանց պայծառ յիշատակը: Մենք այդպէս ենք յաղթել եւ պայքարին զուգահեռ բանակ ստեղծել»,- յայտարարել է նախարարը:
Սէյրան Օհանեանն ընդգծել է, որ հայկական բանակի հզօրութիւնը Հարաւային Կովկասի տարծաշրջանում խաղաղութեան պահպանման երաշխիքներից է: Հայ զինծառայողներին ներկայումս վստահւած է խաղաղապահական առաքելութիւն իրականացնել նաեւ թէժ կէտերում: «Այսինքն` աշխարհն էլ է մեզ վստահում: Միայն անցեալ տարւայ ընթացքում մենք մասնակցել ենք տասնեակ բազմազգ զօրավարժութիւնների ՀԱՊԿ, ՆԱՏՕ-ի եւ հայ-ամերիկեան ռազմական համագործակցութեան շրջանակում, մենք բարձր ենք պահել Հայաստանի եւ հայ ժողովրդի պատիւը»,- նշել է պաշտպանութեան նախարարը: Սէյրան Օհանեանը յաւելել է, որ դրան զուգահեռ մենք կարողացել ենք մեծ յաջողութիւններ գրանցել նաեւ միջազգային պաշտպանական համագործակցութեան ոլորտում եւ ամրապնդել հայկական կողմի ձեռքբերումներն իրաւական դաշտում:
«1 տարւայ ընթացքում կնքւել են շուրջ 30 միջ-պետական, միջ-կառավարական եւ միջ-գերատեսչական համաձայնագրեր»,- ընդգծել է նախարարը: