Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քօքսի նախաձեռնութեամբ շարւնակւում է աւանդական հերթական ուխտագնացութիւնը, որն այս անգամ կրում է «Ճանապարհ պատմութեան միջով» խորագիրը:
Բերձորից մինչեւ Գանձասար` հիմնականում ոտքով: Քայլարշաւին մասնակցում են շուրջ 40 հոգի, հիմնականում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք առաջին անգամ են Արցախում:
Ուխտագնացները գիշերն անցկացրել են վրաններում` Այգեստան գիւղի գողտրիկ անկիւններից մէկում. արդէն հաւաքուել, իրերն ու պայուսակները տեղաւորել են մեքենաներում եւ պատրաստ են շարունակել ճանապարհը: Գանձասար տանող ճանապարհին հերթական կանգառը Խնձրիստան համայնքի հարեւանութեամբ է նախատեսուած: Բարոնուհի Քերոլայն Քօքսի նախաձեռնած այս ուխտագնացութիւնը 2 նպատակ է հետապնդում, որպէսզի արցախահայութիւնը զգայ եւ վստահ լինի` իրենց արդար պայքարի մէջ միայնակ չեն, ինչպէս նաեւ սա մի հնարաւորութիւն է Անգլիայից ժամանած հիւրերի համար` ճանաչել նորանկախ երկիրը ներսից, շփուել մարդկանց հետ ու հասկանալ ինչ է նշանակում լինել Արցախում ու գոնէ մի քանի օր ապրել արցախցու կեանքով:
«Երբ պաշտօնական այցով ենք ժամանում Արցախ, ապա ստիպուած ենք լինում մեր շփումները սահմանափակել տեղի պաշտօնեաների կամ կառավարութեան ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Սակայն նման ուխտագնացութեան կամ քայլարշաւների ընթացքում հնարաւորութիւն ենք ունենում շփուել ու ծանօթանալ հասարակ ժողովրդի հետ, գիւղացիների հետ, տեսնել իրենց առօրեան»,- նշում է բարոնուհի Քերոլայն Քօքսը:
Ուխտագնացութեան մասնակիցներն ինչպէս տարիքային, այնպէս էլ մասնագիտութեան առումով տարբեր մարդիկ են: Նրանցից քչերն են ծանօթ Արցախին: Խմբում մեծամասնութիւն են կազմում նրանք, որոնք նոր են բացայայտում մեր երկիրը:
Քայլարշաւի անգլիացի մասնակից Սամ Հացսենը խոստովանում է` քայլարշաւի ընթացքում լինում են պահեր, երբ յոգնում ես, բայց հաճելի շրջապատն ու կախարդող բնութիւնը կարծես չէզոքացնում են յոգնածութեան զգացումը:
Անգլիայից մեր հայրենակից, փաստաբան Վարդուհի Վարդապետեանն Արցախում նոյնպէս առաջին անգամ է: Եթէ նախկինում միայն լսել էր արցախցիների իւրայատուկ հիւրասիրութեան մասին, ապա այս մի քանի օրերի ընթացքում արդէն հասցրել է վայելել: Անկեղծանում է` ամէնուր դիմաւորում են անկեղծ ջերմութեամբ:
Քայլարշաւն Արցախում այս անգամ մեկնարկել է Բերձորից եւ ձգւում է մինչեւ Գանձասար. մասնակիցներն օրական անցնում են 20-25 կմ ճանապարհ` հիմնականում ոտքով: Կազմակերպիչները նախատեսում են արցախեան ուխտագնացութեան ծրագիրը եզրափակել Ծիծեռնակաբերդում: