Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ի.Ի.Հ.-ի մշակոյթի եւ իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիի գլխաւորած պատուիրակութիւնն այս օրերին Երեւանում մասնակցում է ԻՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականութիւն, քաղաքականութիւն մշակոյթի համար» խորագրով միջազգային կոնֆերանսին: Յուլիսի 11-ին Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանն ընդունել է Ի.Ի.Հ.-ի մշակոյթի եւ իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին:

Հ.Հ.-ի նախագահն ընդգծելով, որ հայ եւ իրանցի բարեկամ ժողովուրդներն դարաւոր պատմութեան ընթացքում աշխարհին բարձրարժէք հարուստ մշակութային ժառանգութիւն են աւանդել, եւ երկու ժողովուրդները բազում ընդհանրութիւններ ունեն, նշել է, որ այդ ընդհանրութիւններում նշանակալի տեղ է զբաղեցնում մշակոյթը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ մշակոյթի ոլորտում ձեւաւորուած երկկողմ կապերը ամուր հիմք են ստեղծում հայ-իրանական միջպետական յարաբերութիւնները քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում զարգացնելու հանար: Նրանք համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Իրանի՝ բարձր մակարդակի վրայ գտնուող յարաբերութիւնների զարգացման որեւէ սահամանափակում չկայ եւ երկկողմ կապերի առաւել ամրապնդման համար կարեւորել են յաճախակի փոխայցելութիւնները: Նախագահ Սարգսեանը, ասել է, որ դժուարութիւնները ժամանակաւոր են, մեր բարեկամութիւնը՝ յաւէրժական: Պէտք է ամէն ինչ անել ամրապնդելու եւ ընդլայնելու զարգացման մեծ ներուժ ունեցող հայ-իրանական յարաբերութիւնները՝ ի բարօրութիւն երկու ժողովուրդների եւ ի նպաստ մշակոյթների: Մենք միմեանցով հարստանում եւ հարստացնում ենք միմեանց՝ մեր ողջ պատմութեան ընթացքում աշխարհի հետ շփուելով մեր մշակոյթների հարուստ լեզուով: Հ.Հ.-ի նախագահը կարեւորել է ցանկացած նախաձեռնութիւն՝ ուղղուած երկու երկրների եւ ժողովուրդների պատմութեան, մշակոյթի եւ աւանդոյթների ճանաչողութեան բարձրացմանը:

Հայաստանի եւ Իրանի միջեւ մշակութային յարաբերութիւնները ունեն դինամիկ զարգացման միտում եւ ընդգրկում են մշակոյթի գրեթէ բոլոր ոլորտները՝ կինօ, թատրոն, գրականութիւն եւ այլն յաւելել է Սարգսեանը:

Նախագահը բարձր է գնահատել Իրանի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանման ուղղութեամբ կատարուող աշխատանքի եւ այդ ժառանգութեան նկատմամբ ցուցաբերուող հոգատար վերաբերմունքը, վստահեցնելով, որ Հայաստանում եւս իրանական պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ նոյնպիսի վերաբերմունք կայ: