Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ռուսաստանի Դաշնութիւնում աշխատանքային այցով գտնուող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵՏՄ եւ Շանհայեան համագործակցութեան կազմակերպութեան համատեղ գագաթնաժողովին։

ԲՐԻԿՍ-ում, Եւրասիական տնտեսական միութիւնում եւ Շանհայի համագործակցութեան կազմակերպութիւնում ներկայացուած երկրների ներուժը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի կարծիքով, հզօր նախադրեալ է ստեղծում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգութեան խնդիրներին առաւել արդիական լուծումներ որոնելու համար:

«Որպէս ասուածի գործնական օրինակ կարող է դառնալ եւրասիական ինտեգրացիայի եւ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գօտու» նախաձեռնութեան զուգակցումը, որոնք ներդաշնակօրէն փոխգործակցելով, հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցուածքային եւ տրանսպորտային ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը»,- ասել է Սերժ Սարգսեանը։

Նախագահը նաեւ յայտնել է, որ Հայաստանի դէպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը։

«Արդէն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնաւորումը, եւ ծրագիրը բաց է պետական-մասնաւոր գործընկերութեան համար»,- ասել է Սերժ Սարգսեանը՝ յոյս յայտնելով, որ գագաթնաժողովին ներկայ ընկերութիւնների ղեկավարները հետաքրքրութիւն կդրսեւօրէն:

Նա նաեւ յոյս է յայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւնները յաջողութեամբ կը պսակուեն։ Նախագահն անդրադարձել է նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգութեան՝ ահաբեկչութեան, թմրանիւթերի սպառնալիքի, կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի, հակամարտութիւնների կարգաւորման հարցերին:

«Մենք ելնում ենք ջանքերի համախմբման անհրաժեշտութիւնից՝ ի շահ հակամարտութիւնների կանխարգելման, համաձայնեցուած ձեւաչափերի շրջանակներում բացառապէս խաղաղ միջոցներով դրանց կարգաւորման եւ բոլոր հակամարտող կողմերի շահերը հաշուի առնելով, ինչպէս նաեւ հանդէս ենք գալիս վերը նշուած մարտահրաւէրների դէմ պայքարի հաւաքական արդիւնաւէտ մեխանիզմների մշակման օգտին»,- ասել է նա:

Նախագահը ելոյթի աւարտին հաստատել է տարբեր ձեւաչափերում Հայաստանի երկխօսութեան պատրաստակամութիւնը։

«Հէնց այս մօտեցումն է մեր մտադրութեան հիմքում՝ համակարգել փոխգործակցութիւնը Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան հետ»,-- ասել է Սերժ Սարգսեանը։

Հայաստանը Շանհայի համագործակցութեան կազմակերպութիւնում դիտորդ-պետութեան կարգավիճակ ստանալու վերաբերեալ դիմումը ներկայացրել է դեռեւս 2012թ. մայիսին: