Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Բաքւում Եւրոպական խաղերի աւարտից յետոյ հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում Ադրբեջանը կարող է իրավիճակը կտրուկ լարել: Պաշտպանութեան նախարարութիւնում չեն բացառում դէպքերի նման ընթացքն ու շեշտում, որ հայկական զինուած ուժերը ոչ միայն կարող են հակահարուած տալ, այլեւ բազմապատիկ աւելի անգամ պատժել:

«Չեմ հասկանում հակառակորդի կողմից նման լարուածութեան հասցնելու պատճառը, բայց միեւնոյն ժամանակ, ինձ թւում է, որ Բաքւում Եւրոպական խաղերի աւարտից յետոյ սահմանին լարուածութիւն կարող է լինել, որովհետեւ գիտենք, թէ ում հետ գործ ունենք եւ նախկինում էլ նրա գործելաոճին ծանօթ ենք»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` Եռաբլուրում լրագրողների հետ զրոյցի ընթացքում ասաց Սէյրան Օհանեանը:

Խօսելով օրեր առաջ Նախիջեւանում ստեղծուած լարուածութեան մասին, Օհանեանն ասաց, որ իրականում այդ կրակոցներն ու լարուածութիւնն անհասկանալի էին:

«Մենք միշտ ձգտել ենք հրադադարի պայմանագրի շրջանակում ապահովել զինդադար: Բայց վերջին օրերին Նախիջեւանի հատուածում հայկական զինուած ուժերի կողմից իրականացուող դիրքերի բարելաւման միջոցառումների շրջանակում հակառակորդի կողմից չգիտես ինչու յանկարծակի կրակոցներ եղան, լարուածութիւն տեղի ունեցաւ, չնայած նրան, որ հայկական կողմը գործում էր իր սահմանների շրջանակում, այն սահմանների, որ գոյութիւն է ունեցել դեռեւս խորհրդային շրջանի բոլոր քարտէզներում: Նրանց եռանդը, գործունէութիւնը մարում է, երբ մենք արժանի հակահարուած ենք տալիս: Ոչ միայն պատրաստ ենք հակահարուած տալ, այլեւ բազմապատիկ անգամ աւելի պատժել: Բայց չենք տեսնում դրա իմաստը: Միշտ էլ փորձում ենք յորդորել մեր հարեւաններին եւ մեր զինծառայողների ծառայութիւնն այնպէս ենք կազմակերպում, որ լարուածութիւն չլինի»,- ասաց Օհանեանը` յաւելելով, որ անհրաժեշտ է զսպուածութիւնը պահպանել, առաջին գծում վստահութեան մեխանիզմեր ստեղծել, որ բանակցային գործընթացում հնարաւոր լինի հասնել յաջողութեան:

Յունիսի 26-ին` ժամը 18:30 սահմաններում հակառակորդը Նախիջեւանի հետ սահմանի Սիւնիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղութեամբ, կիրառելով նաեւ մեծ տրամաչափի զէնքեր, ակտիւ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից յետոյ հակառակորդը կրել է բազմաթիւ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցաւօք զոհուել է նաեւ ՀՀ Զու զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմեանը, ծնուած 1987թ: