Աղբիւր՝ www.tert.am

 

Ե.Խ.Խ.Վ.-ի քուէարկութեանը ներկայացուած «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունէութիւնը» վերնագրով փաստաթուղթն ընդունուել է որպէս բանաձեւ, սակայն Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքների մասին տեղ գտած «օկուպացիա» բառը փոխարինուել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մասին» բառերով: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց  Ե.Խ.Խ.Վ.-ի հայկական պատուիրակութեան անդամ, Հ.Հ.Կ.-ի պատգամաւոր Արփինէ Յովհաննիսեանը՝ նշելով, որ փաստաթղթում բառի փոփոխման մասին հայկական պատուիրակութեան ներկայացրած նախագիծը անցել է ձայների  85-78 ձայների յարաբերակցութեամբ:

«Լ.Ղ.-ի հակամարտութիւն մասին բառերը ամբողջութեամբ համապատասխանում են ինչպէս Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի բառապաշարին, այնպէս էլ միջազգային ընդունուած բառապաշարին:

Բանաձեւն ընդունուած է, սակայն նրանում այլեւս գոյութիւն չունի օկուպացիա բառը»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ Ե.Խ.Խ.Վ.-ում այսօր քուէարկութեան էր դրուել Մոնիթորինգի յանձնաժողովի անդամներ Պեդրոյ Ագրամունտի եւ Թադէուշ Իւինսկու հեղինակած` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունէութիւնը» վերնագրով փաստաթուղթը, որում նշւում է, թէ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը:

Արփինէ Յովհաննիսեանը նաեւ նշեց, որ քուէարկութեան դրուած էին եւս մի քանի փոփոխութիւններ եւ ընթանում էր չափազանց դժուար քուէարկութիւն:

«Ադրբեջանական լոբբին կենտրոնացրել էր իր ողջ ջանքերը»,- ասաց նա: