Աղբիւր՝ www.asbarez.com

 

1917-ի Փետրուարեան յեղափոխութիւնից յետոյ՝ 1917թ. Ապրիլին Թիֆլիսում կայացած ՀՅԴ Կովկասի մարմինների առաջին լեգալ ռայոնական (շրջանային-Խմբ.) ժողովի եւ Մայիսին՝ Երեւանում կայացած ՀՅԴ արեւմտեան հատուածի ռայոնական ժողովի որոշումներով կուսակցութիւնը ողջունեց Ռուսաստանում ժողովրդավարական կարգերի հաստատման փաստը, սակայն, միաժամանակ անհանգստութիւն յայտնեց պատերազմի մէջ գտնուող երկրի թուլացման հեռանկարներից, քանի որ Ռոստոմի բնորոշմամբ՝ ՀՅԴն իր վրայ ունի այնպիսի պարտականութիւններ, որոնցից ազատ են ուրիշ կուսակցութիւնները: Մենք ունենք ազգովին վտանգուելու հոգսը…»: Այդ վտանգը կանխելու համար ՀՅԴն Պետրոգրադ ուղարկեց իր ներկայացուցիչներ Լիպարիտ Նազարեանին եւ բժիշկ Յակոբ Զաւրեանին (Զաւրիեւ), որոնք սերտ կապերի մէջ էին Ժամանակաւոր կառավարութեան ականաւոր դէմքերի՝ Ա. Կերենսկու, Պ. Միլիւկովի եւ այլոց հետ: Շուտով նրանց միացաւ նաեւ Ռոստոմը՝ Ժամանակաւոր կառավարութիւնից պահանջելով հայկական ազգային կանոնաւոր զօրամիաւորումների ձեւաւորումը:

Այլ ազգութիւնների, մասնաւորապէս ուկրաինացիների, նոյնիմաստ ցանկութեան առկայութեան պատճառով ամիսներ շարունակ ձգձգուած՝ ՀՅԴ յամառ պահանջը իրականութիւն դարձաւ հայկական գումարտակները՝ գնդերի վերածելու, եւ ապա՝ Ռուսաստանի զինուած ուժերի Գերագոյն գլխաւոր հրամանատարի 1917թ. Հոկտեմբերի 23ի հրամանով՝ հայկական երկու հրաձգային բրիգադների ստեղծման միջոցով, որոնք դարձան Հայկական կորպուսի հիմքը:

Կարեւոր ձեռքբերում էր նաեւ Արեւմտեան Հայաստանի վարչութիւնը անմիջականօրէն արտգործնախարարութեանը ենթարկեցնելու եւ դաշնակցական Հ. Զաւրիեւին նրա քաղաքացիական մասի կառավարիչ նշանակելու՝ Ժամանակաւոր կառավարութեան որոշումը: Իսկ Անդրկովկասում 1917ին կայացած Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրութիւններում ՀՅԴի առաջադրած թիւ 4 ցուցակը անվերապահ յաղթանակ արձանագրեց հայերով բնակեցուած գաւառներում ու նահանգներում:

Փետրուարեան յեղափոխութիւնից անմիջապէս յետոյ, կանխազգալով Ռուսաստանի որպէս պետութեան փլուզման վտանգը, ՀՅԴն քայլեր ձեռնարկեց նաեւ վտանգուած ազգի քաղաքական ղեկավարութեան ձեւաւորման համար: 1917թ. Ապրիլի 13-14ին Թիֆլիսում հրաւիրուեց յատուկ խորհրդակցութիւն համազգային կամ՝ համահայկական մարմին ձեւաւորելու նպատակով, որը ընտրուելու էր Երեւանում, նախատեսուած Ազգային համագումարի կողմից: Սակայն՝ 1917ի աշնանը փոխուեց այդ նախնական մտադրութիւնը եւ մինչեւ Ազգային համագումարը Թիֆլիսում հրաւիրեց համախորհրդակցութիւն:

Սեպտեմբերի 27ին նշանակուած, սակայն իրականում Սեպտեմբերի 29ից իր աշխատանքները սկսած Հայոց ազգային համախորհրդակցութեան համար Ռուսաստանի ողջ հայութիւնից ընտրուած 185 պատգամաւորների մօտ կէսը (91) դաշնակցականներ էին, մնացածը՝ ազգային (ՍԴ Հնչակեան, Հայ ժողովրդական) եւ սոցիալիստական (սպեցիֆիկներ, հայ մենշեւիկներ ու էսեռներ) կուսակցութիւնների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչներ ու մտաւորականներ:

Համախորհրդակցութեան հրաւիրումով եւ Հայոց (արեւելահայոց) Ազգային կենտրոնական (Թիֆլիսի) խորհրդի ձեւաւորումով լուրջ քայլ ձեռնարկուեց Հայոց անկախ պետականութեան ստեղծման ուղղութեամբ, որի աշխարհագրական սահմանների յստակեցումն ընթանում էր1917թ. Փետրուարեան յեղափոխութիւնից յետոյ երկրամասում սկիզբ առած՝ ազգային-տարածքային սահմանազատման պայմաններում:

Այս գործընթացի հանդէպ ՀՅԴ դիրքորոշումները հիմնւում էին Աւ. Շահխաթունու առաջադրած գիտական փաստարկների վրայ, որոնց մեկնակէտը Ռուսաստանում պաշտօնապէս ամրագրուած «Անդրկովկաս» հասկացութիւնից «Անդրկովկասեան» կամ՝ «Կովկասեան» Հայաստանի տարանջատումն էր աշխարհագրական առումով՝ Հայկական լեռնաշխարհի հիւսիս-արեւելեան հատուածի, քաղաքական առումով՝ Արեւելեան Հայաստանի, ժողովրդագրական առումով՝ հայաբնակ գաւառների: Արդէն 1917ի քաոսային աշնանը ՀՅԴ ջանքերի շնորհիւ այդ տարածքներում ձեւաւորուած զեմստուոների հիման վրայ փաստացի կերպով գոյութիւն ունէր Ինքնավար Հայաստան իր երեք՝ Ալեքսանդրապոլի, Գանձակի ու Երեւանի նահանգներով, որոնք ընդգրկում էին նաեւ Կարսի մարզի, Ջաւախքի, Հիւսիսային Լոռու (մինչեւ Խրամ գետը), Գանձակ քաղաքի հայկական հատուածի՝ Կուռ գետով տարանջատուող Լեռնային Գարդմանի, Ղարաբաղի լեռնային մասի ու Զանգեզուր-Նախիջեւանի տարածքները: 1917ին այս տարածքների հանդէպ հայութեան իրաւունքներն ընդունւում էին Ռուսաստանի օրինական, ժողովրդավարական իշխանութեան՝ Ժամանակաւոր կառավարութեան կողմից եւ այն 1918ին իր հարեւանների միջեւ բաժան-բաժան արուեց միայն արտաքին ագրեսիայի՝ թուրքական արշաւանքի հետեւանքով:

1917թ. Հոկտեմբերեան յեղաշրջումը, որը յանգեցրեց Ռուսաստանի որպէս պետութեան ժամանակաւոր փլուզմանը, ՀՅԴին կանգնեցրեց ոչ միայն ռուսական բանակի հեռանալու հետեւանքով անպաշտպան մնացած արեւմտահայութեան բեկորներին փրկելու, այլեւ թուրքական ագրեսիայից Արեւելեան Հայաստանը պաշտպանելու: Ստեղծուած պայմաններում, երբ Ցեղասպանութիւնը վերապրած հայ ժողովուրդը կանգնեց մի ողջ կայսրութեան դէմ յանդիման, տարածաշրջանում իրենց շահերն ունեցող երկրներից ոչ մէկը շահագրգռուած էր նրա բեկորների փրկութեան գործում: 1917 թուականի քաոսային աշնանը ստեղծուած այդ 100 տոկոսանոց պարտուած դիրքը մինչեւ Առաջին Աշխարհամարտի աւարտը անխուսափելի էր դարձնում ոչ միայն Արեւմտեան, այլեւ Արեւելեան Հայաստանի կործանումը: Ուստի՝ այդ անելանելի իրավիճակից դուրս գալու եւ ճակատագրի հանդէպ յաղթանակ տանելով՝ հայոց անկախ պետականութիւնը վերականգնելու փաստը դարձաւ ՀՅԴի մեծագոյն ծառայութիւնը հայ ժողովրդի առաջ: Այս առաքելութեան իրականացումը գլխաւորեցին Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայրերը՝ Արամ Մանուկեանը Երեւանում եւ Ռոստոմը՝ Պետրոգրադում եւ ապա՝ Բաքւում ծաւալած իրենց գործունէութեամբ:

1917թ. Դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից ժամանելով Երեւան եւ տեղի Ազգային խորհրդի հիմքի վրայ ձեւաւորելով 3 հոգուց բաղկացած Յատուկ կոմիտէն, իսկ շուտով նաեւ փաստացի կերպով ստանձնելով դիկտատորի լիազօրութիւններ, Արամ Մանուկեանը առաջադրեց անելանելի կացութիւնից փրկութեան ելք գտնելու միակ հնարաւոր բանաձեւը. «Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Նոյն օրերին Պետրոգրադում խորհրդային իշխանութեան հետ վարած բանակցութիւններից յետոյ, որոնց գլխաւոր նպատակը Արեւմտեան ու Հարաւ-Արեւմտեան ճակատներից հեռացող հայ զինուորականութեան տեղափոխումն էր Կովկաս՝ կործանուող հայրենիքի փրկութեան համար, 1918թ. Մարտի սկզբներին երկաթուղով Բաքու հասաւ Ռոստոմը եւ սկսեց նախապատրաստել Երեւանին օգնութեան հասնելու համար անհրաժեշտ՝ հայկական երկրորդ ճակատի ձեւաւորումը:

1918թ. Փետրուարի 10ից յարձակման անցած եւ իրար հետեւից Երզնկան, Էրզրումն ու Կարսը գրաւած Օսմանեան կայսրութեան՝ ռազմական բոլոր չափորոշիչներով հայկական ուժերին գերազանցող բանակի՝ Երզնկայից մինչեւ Երեւան ու Բաքու առաջխաղացումը դանդաղեցնելու եւ ապա՝ կասեցնելու համար, ժամանակին ՀՅԴ իրականացրած «թիկունքային» քաղաքականութիւնը՝ Թիֆլիսի (Կենտրոնական), Երեւանի ու Բաքուի Ազգային խորհուրդների «հակասական» թուացող արեւելումների ու դրանցից բխող՝ դերաբաշխումների միջոցով, ստեղծուած վիճակից դուրս գալու միակ ելքն էր:

Վճռական էր Արամ Մանուկեանի եւ նրա գլխաւորութեամբ Երեւանում ձեւաւորուած կառոյցների դերը 1918ի հերոսամարտերի առաջին՝ Մայիսեան հանգրուանում արձանագրուած հոգեբանական բեկումը նախապատրաստելու գործում: Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ-Ապարանի գոյամարտերը ոչ թէ յուսահատութեան հասած հայութեան «ինքնաբուխ պոռթկման», կամ՝ «համաժողովրդական պայքարի» արտայայտութիւն էին, այլ տուեալ դարաշրջանի ազգային ընտրանու՝ Հայկական կորպուսի միջին ու ստորին օղակների սպայութեան (Պօղոս Բէկ Փիրումեան, Գուրգէն Տէր Մովսիսեան, գնդապետներ Սիլիկեան, Ղորղանեան եւ Սամարցեան) ու ՀՅԴ մարտական թեւի լաւագոյն ներկայացուցիչների (Դրաստամատ Կանայեան, Գարեգին Նժդեհ, Նանումեան-Զեմլեակ) կողմից գիտակցուած ինքնազոհութեան գնալով՝ ժողովրդին արթնացնելու եւ հերոսացումի առաջնորդելու հետեւանքը: Գաղափարական փոքրամասնութեան՝ վճռական մենակի հոգեբանութիւնն ու գործելակերպը ՀՅԴ գաղափարներով առաջնորդուելու արդիւնք էր:

Նոյն ելակէտով առաջնորդուող Բաքուի հերոսամարտի կազմակերպիչները Մարտի 18-22ի խորհրդային իշխանութեան դէմ Մուսաւաթի կազմակերպած խռովութեան ճնշման եւ ապա՝ Բաքուի հայկական զինուժի յարձակողական ու պաշտպանական մարտերի միջոցով մինչեւ 1918թ. Սեպտեմբերի կէսերը կաշկանդեցին թուրքական բանակին եւ ընդհուպ մինչեւ 1918թ. Հոկտեմբերի 30ի Մուդրոսի զինադադարը թոյլ չտուեցին նրա կենտրոնացումը Երեւանի դէմ: Այդ անօրինակ հերոսամարտի ոգին ՀՅԴ առաջնորդ Ռոստոմն էր, իսկ նրա կազմակերպիչը՝ տեղի Ազգային խորհուրդը գլխաւորող ՀՅԴ Բաքուի կենտրոնական կոմիտէն, եւ նրա շուրջը համախմբուած սպաներն ու մարտիկները (Աբրահամ Գիւլխանդանեան, գեներալ Բագրատունի, գնդապետ Աւետիսեան, փոխգնդապետ Խօջաէյնաթեան, Սեբաստացի Մուրատ, Գերասիմ Բալայեան եւ ուրիշներ):

1918թ. Մայիս 28ին հռչակուած Հայաստանի Հանրապետութեան գոյութեան ողջ ժամանակամիջոցում ՀՅԴն գործեց որպէս իշխող կուսակցութիւն: