Աղբիւր՝ www.asbarez.com

 

2014 թուականին Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ստացած է 13 հազար 266 անձ, իսկ քաղաքացիութենէն հրաժարած է 2 հազար 200 անձ: Քաղաքացիութիւն ստացածներէն 3 հազար 613ը սուրիահայեր են:

Այս մասին յայտնած է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեան՝ Ազգային ժողովի նիստին Հայաստանի 2014 թուականի պետական պիւտճէի կատարման մասին տարեկան հաշուետուութիւնը ներկայացնելու ատեն: «Մեզ համար ցանկացած անձի քաղաքացիութիւնից դուրս գալը մտահոգիչ է, բայց դա քաղաքացու իրաւունքն է՝ սահմանադրութեամբ ամրագրուած: Միշտ լինելու են քաղաքացիներ, որոնք նախընտրելու են այլ երկրի քաղաքացիութիւն ձեռք բերել: Լինում են խառն ամուսնութիւններ, երեխաներ, ովքեր ծնուել են Հայաստանում, այնուհետեւ ծնողների քաղաքացիութիւնը փոխուել է, այժմ էլ նրանք են փոխում», ըսած է Վիգէն Սարգսեան: Անոր համաձայն՝ այդ թիւերը սերտելու եւ վերլուծելու ատեն պէտք է նկատի առնել Հայաստանի դրացի երկիրներու, աւանդական Սփիւռքի երկիրներու քաղաքացիութեան վերաբերող օրէնսդրութեան խստացումներն ու մեղմացումները, որոնք ուղղակիօրէն կ՛ազդեն քաղաքացիութիւն ստանալու կամ անկէ հրաժարելու հարցին վրայ:

«Քաղաքացիութիւնից դուրս եկածների մեծ մասը Հայաստանում մշտապէս չբնակուող անձինք են, ովքեր իրենց մշտական բնակութեան երկրում քաղաքացիութեան օրէնսդրութեան խստացման արդիւնքում հրաժարուել են հայկական քաղաքացիութիւնից: Նրանց մէջ գրեթէ չկան մարդիկ, ովքեր Հայաստանը լքելով են դուրս գալիս քաղաքացիութիւնից», աւելցուցած է Վիգէն Սարգսեան: