Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

«Արցախի խորհրդարանական ընտրութիւններն անցկացուել են թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան». իրենց թարմ տպովորութիւններով այսօր լրագրողների հետ կիսուեցին Լ.Ղ.Հ.-ի խորհրդարանական ընտրութիւններում Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներից կազմուած միջազգային դիտորդական առաքելութեան անդամները։

Խմբի նախագահ Ֆրենկ Էնգելի կարծիքով, Արցախն այն պետութիւններից չէ, որտեղ հարիւրաւոր տարիներ գործում է ժողովրդաւորութիւնը, այդ իսկ պատճառով այս ընտրութիւններն կատարեալ կերպով անցկացնելը կարեւոր էր:

«Արցախի ժողովուրդը կրկին ապացուցեց, որ պատրաստ են եւ ապրում են ժողովրդավարական չափանիշներով»,- ասաց նա:

ԵԽ պատգամաւորներից եւ ուղեկցող անձնակազմից կազմուած խումբը դիտորդական առաքելութիւն իրականացրենլ է մայիսի 2-4-ը: Ասում են, որ շատ բան չկայ ներկայացնելու:

«Չեմ ձանձրացնի ձեզ շատ մանրամասներով, քանի որ շատ մանրամասներ չկան էլ»,-ասաց Ֆրենկ Էնգելը, իսկ «Հայաստանի եւրոպացի բարեկամներ» կազմակերպութեան ղեկավար Էդուարդոյ Օչոան յաւելեց, որ դա ուղղակի կատակ է, քանի որ այս տարածաշրջանում նման բարձր մակարդակով ընտրութիւններ իրականացնելը գովելի է:

«Հարաւային Կովկասում ժողովրդավարութեան հետ կապուած շատ խնդիրներ կան, եւ այս փոքրիկ հողակտորում, որը հիմնականում յարձակումների է ենթարկովում իր հարեւանի կողմից, կարողացան ապահովել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրութիւններ»,- ասաց Օչոան:

Դիտորդական խումբը չի հասցրել լինել բոլոր ընտրատեղամասերում, սակայն արձանագրում են՝ ընդհանուր առմամբ, ոչ մի բացասական միջադէպ չի գրանցուել:

Ի դէպ, Ֆրենկ Էնգելը յիշեց, որ 2013 թուականի աշնանն Ադրբեջանն, այսպէս ասած, ժողովրդավարական չափանիշներով նախագահական ընտրութիւններ էր կազմակերպել, սակայն ի տարբերութիւն Արցախի, այնտեղ արդիւնքները նախօրօք գիտէին: