Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ֆրանսուա Ռոշբլուանի գլխաւորած խմբին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը: Նրանք Ստեփանակերտ են հասել առաջինը, բայց այստեղ առաջին անգամ չեն:

«Անցած տարուայ հոկտեմբեր ամսին եմ դեռ ընդունել նախագահի հրաւէրը՝ մասնակցելու Արցախի համար կարեւոր այս ընտրութիւններին: Ես հպարտ եմ, որ յարգել եմ իմ այդ խոստումը»,- ասում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան:

Քննարկուել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականութեանը, Ֆրանսիա-Արցախ համագործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակեանը բարձր է գնահատել նրանց դիտորդական առաքելութիւնը՝ յաւելելով, որ աշխարհի առաջատար պետութիւնների ներկայացուցիչների նկատառումները կարեւոր են Արցախում ժողովրդավարութեան զարգացման համար: Նախընտրական զարգացումներին հիւրերն այսօր Կենտրոնական ընտրական յանձնաժողովում են ծանօթացել:

«Ես ուրախ եմ, որ նախընտրական արշաւը տեղի է ունեցել շատ հանգիստ միջավայրում եւ վստահ եմ, որ քուէարկութիւնը եւս կ'անցնի բարձր մակարդակով»,- ասել է Ռոշբլուան:

Արցախում են Անմոռուկի կրծքանշանով, դիտորդի վկայականով եւ համոզմունքով՝ ժողովրդավարական պետութիւն կառուցելու հարցում արցախցիներն անուրանալի ձեռքբերումներ ունեն, եւ դա պէտք է ճանաչուի միջազգային հանրութեան կողմից:

«Ես կարծում եմ, որ սա քայլ է դէպի ժողովրդավարութիւն, եւ այստեղ կայ ամէն ինչ դրա համար: Կայ կառավարութիւն, տեղական մարմիններ:  Եւ  կարծում եմ, որ մի օր կճանաչուի համաշխարհային հանրութեան կողմից»,- նշել է Ռոշբլուան:

Ֆրանսիայի մասով կասկածներ չունի: Պետութիւնը՝ գուցէ դեռ ոչ, բայց հասարակութիւնը վաղուց է ընդունել անկախ Արցախի գոյութեան փաստը:

«Ֆրանսիայի ժողովուրդը կողմ է Ղարաբաղի անկախութեան ճանաչմանը՝ համաշխարհային մակարդակով»,- ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւորը:

Որ այդ շարքում ֆրանսիան միայակ չի լինի՝ ֆրանսիացի պատգամաւորը չի կասկածում: Հակառակ Բաքուի, Անկարայի ու որոշ այլ բողոքների՝ մայիսի 3-ի ընտրութիւններին երկուսուկէս տասնեակ երկրներից մօտ 100 դիտորդ է հետեւելու: Իսկ արտաքին գործերի նախարարութիւնում հանդարտութիւն է՝ փոթորկից առաջ: Այսօր միջազգային առաջին դիտորդները գրանցուեցին: Մայիսի 3-ի համար ժամանելիք հիւրերի մեծ ալիքը դեռեւս առջեւում է: