Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Իրանն օգտագործում է Հայաստանի հետ համագործակցութիւնն ամրապնդելու բոլոր հնարաւորութիւնները, իսկ Եւրասիական տնտեսական միութիւնը (Ե.Տ.Մ.), Իրանի արտգործնախարարի խօսքով՝ այդ հնարաւորութիւններից մէկն է:

Հայաստանի արտգործնախարարի հետ Երեւանում տուած համատեղ ասուլիսում նախարար Մոհամադ Ջաւադ Զառիֆը նաեւ շեշտեց, որ կայ Իրան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ համագործակցութիւն:

Իսկ իրանցի լրագրողներից մէկը հարց ուղղեց Էդուարդ Նալբանդեանին, թէ ինչ ծրագրեր ունի Հայաստանի կառավարութիւնը՝ հարթելու Եւրասիականին միանալուց յետոյ մաքսատուրքերի շուրջ մտահոգութիւնը: «Մենք դեռ նոր են դարձել «Եւրասիական տնտեսական միութեան» անդամ եւ ուսումնասիրում ենք հնարաւորութիւնները, որպէսզի դա դրական ձեւով անդրադառնայ եւ օգտագործուի մեր յարաբերութիւնները ոչ միայն Եւրասիականին անդամակցող երկրների, այլեւ մեր հարեւանների, այլ գործընկեր պետութիւնների հետ»,- ասաց Նալբանդեանը։

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարի մասին Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ եթէ այդպիսի կամք չլինէր, երկու կողմերն էլ այդ ծրագրերը կեանքի կոչելու պատրաստակամութիւն չէին յայտնի: Նալբանդեանը նաեւ յոյս ունի, որ շուտով ծրագրերն առաջ կը շարժուեն, եւ իրական արդիւնքները տեսանելի կը դառնան:

«Տեխնիկական խնդիրներ միշտ էլ լինում են, բայց կարող եմ վստահեցնել, որ Իրանի հետ խնդիրներ չկան»,- ասաց նա:

«Քաղաքական կամք, վստահաբար, կայ: Որոշակի ֆինանսական խնդիրներ են եղել, որոնց մեծ մասը Հայաստանի կառավարութեան ջանքերով լուծուել է: Միւս խնդիրներն էլ կը լուծուեն»,- ասաց նախարար Զառիֆը։

Իրանը, Զառիֆի խօսքով՝ միշտ կողմ է տարածաշրջանի երկրների միջեւ խաղաղ եւ բարեկամական յարաբերութիւններին: Նաեւ ցանկանում է, որ առկայ հակամարտութիւնները լուծուեն արագ կերպով, խաղաղ ճանապարհով եւ միջազգային սկզբունքների համաձայն: Իսկ Հայաստանը, ինչպէս Էդուարդ Նալբանդեանն ասաց, գնահատում է Ղարաբաղեան հակամարտութեան հարցում Թեհրանի հաւասարակշիռ դիրքորոշումը: