Աղբիւր՝ www.armenianchurch.org
Յունուարի 25-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, Հայոց բանակի կազմաւորման 23-րդ տարեդարձի կապակցութեամբ մատուցուեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Հ.Հ.-ի Զ.ՈՒ.-ի հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը:
Արարողութեանը ներկայ էին Հայաստանի հանրապետութեան Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, Հ.Հ.-ի Զ.ՈՒ.-ի Գ.Շ.-ի պետ, գեներալ-գնդապետ Իւրի Խաչատուրովը, Լ.Ղ.Հ.-ի Պաշտպանութեան նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսէս Յակոբեանը, Հ.Հ.-ի Զ.ՈՒ.-ի բարձրագոյն սպայական կազմը, Հայկական բարեգործական ընդհանուր միութեան նախագահ Պերճ Սեդրակեանը, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ, զօրամասերի հոգեւոր սպասաւորներ եւ զինուորներ:
Վրթանես Սրբազանն իր քարոզում հանգամանօրէն անդրադարձաւ Բանակի օրուայ խորհրդին: «...Քրիստոնէութիւնն ընդունելուց ի վեր, երբ հայոց արքան, զօրքն ու ամբողջ ազգը մկրտուեցին Արածանիի ակունքներում, հայ զինուորը մարտի էր գնում մկրտուած, մեղքերի թողութիւն եւ Ս. Հաղորդութիւն ստացած` պատրաստ կռուելու մինչեւ վերջ եւ կեանքը զոհաբերելու հաւատի, հայրենիքի եւ ազգի ապագայի համար: Աստուած ազգերին կամք է շնորհ անում` ունենալու բանակ, պետականութիւն եւ եկեղեցի, եթէ ազգերն իրենց գիտակցութեան մէջ ունենում են սրբութեան գաղափար: Նման ազգերին առիթ է ընձեռւում կերտելու նուիրական արժէքներ` համաձայն աստուածային կամքի, ինչպէս որ եղաւ հայոց ժամանակակից բանակի կայացման պարագայում: Նուիրեալ հայորդիների ջանքերով, որ մարտնչում էին իբրեւ շարքային զինուոր ու աշխարհազօր, եւ Եկեղեցու օրհնութեամբ` բազում կորուստներով ու անպատմելի յաղթանակներով կայացաւ մեր բանակը, որն ամբողջ հայ ազգի համար դարձաւ մի տեսակ տապան, որ փրկեց ու պաշտպանեց հայրենիքը պատերազմի արհաւիրքներից ու նենգ թշնամուց:
Նորաստեղծ բանակն Աստուած վերօրհնեց յաղթանակներով: Բազում նուիրեալների արեամբ շաղախուեց վերածնունդի շաղախը, որը միաւորեց հայութեանը` Մայր Հայաստանում ու Արցախում: Նորաստեղծ մեր բանակը կանգնեց այդ հողի եւ վերջինիս արդար մշակի պաշտպանութեան դիրքերում, բազում մարտեր մղեց եւ ամէն անգամ մարտի դաշտից դուրս եկաւ յաղթանակած` եռագոյնն ու Տիրոջ խաչը վեր պարզած: Սա վկայութիւն էր համայն աշխարհին, որ հայ հողի համար պայքարողը հրեշտականման հայ զինուորն է, ով մարտի է բռնւում` լի առ Աստուած հաւատով եւ հայրենիքի հանդէպ տածած որդիական պարտքի խորը զգացումով: Հայրերից ժառանգած հաւատը, ուժն ու կորովը, հայրենիքի հանդէպ ունենցած սէրը շարունակում են արգելք լինել նահանջի ճամփին, արգելք` պարտութեան առաջ, պարտադրելով չլսուած յաղթանակներ, որոնք պէտք է իրենց արժանի տեղն ունենան ռազմարուեստի պատմութեան դասագրքերում: Դրանք պէտք է աւելացնեն այն հերոսապատումները, որոնցով հայ մանուկը սնւում է դեռեւս մայրական գրկում ու մեծանում:
Այո՛, Հայկի ամրոցի, Արամի տան, քաջարի արմէնների ու նրանց ներկայիս յետնորդների մասին ազգերը հիացումով են խօսում: Երբեմն կանոնաւոր բանակով, երբեմն աշխարհազօրով, երբեմն փոքրիկ ջոկատներով կամ էլ ֆիդայական շարժումներով կարողացել ենք պաշտպանել մեր հայրենի հողը, Մայր եկեղեցին, մեր լեզուն ու պատիւը: Բոլոր այն զինուորները, ում երկրային կեանքն աւարտուել է հէնց մարտի դաշտում, պահապան հրեշտակների ուղեկցութեամբ միացել են երկնային զօրքերին, որպէս յաղթանակած եկեղեցի, իրենց մարտը շարունակելու աներեւոյթ մարտադաշտում ու չարի դէմ պայքարը հասցնելու տեսլական աւարտին ու փառքին»,- մասնաւորապէս նշեց Հ.Հ.-ի Զ.ՈՒ.-ի հոգեւոր առաջնորդը: Իր խօսքում Սրբազանն անդրադարձաւ նաեւ հայ ազգի նուիրեալ մարտիկների մարտիրոսութեանը` առ Աստուած աղօթք հայցելով, որ մարտի դաշտում եւ անկայուն խաղաղութեան ընթացքում թշնամու դաւադիր գնդակից ընկած հայ զինուորների շիրիմներին երկնային խաղաղութիւնն իջնի, եւ Բարձրեալի ամենափրկիչ Աջը միշտ սատար լինի Հայոց Բանակին ու հայ զինուորին` անառիկ պահելու Հայոց աշխարհի սահմանները:
Ս. Պատարագի ընթացքում հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի կատարուեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ ներկաներն աղօթք բարձրացրեցին Հայրենիքի եւ Հայոց բանակի անսասանութեան համար:
Պատարագի սրբազան արարողութեան աւարտին կատարուեց նաեւ Հոգեհանգստեան կարգ` Հայրենիքի պաշտպանութեան համար նահատակուած բոլոր քաջարի զինուորների համար:
Այնուհետեւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ նաեւ պաշտօնական ընդունելութիւն, որի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքի եւ օրհնութեան խօսքը բերեց ներկաներին` հրաւիրելով ամէնքին աղօթք բարձրացնել առ Աստուած զինծառայողների համար, ովքեր երբեմն իրենց կեանքի գնով անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները: Վեհափառ Հայրապետը Հ.Հ.-ի զինուած ուժերի սպասաւորներին մաղթեց յաջողութիւններ իրենց դժուարին ծառայութեան մէջ եւ, որ Տէրը յաղթական պահի հայ զինուորի բազուկը՝ ի փառս մեր ժողովրդի: Ներկաներին իր օրհնութեան խօսքը յղեց նաեւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, ով մասնաւորապէս ընդգծեց, որ բանակը մեր լուսեղէն ապագայի երաշխիքն է, դարեդար Հայոց եկեղեցին եւ Հայոց բանակը գործել են միահամուռ՝ ուս-ուսի տուած, եւ հէնց դրանում էլ կայանում է մեր ազգի հզօրութիւնը:
Իր խօսքում Հ.Հ.-ի Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը շնորհակալութիւն յայտնեց Հայոց եկեղեցուն եւ նրա սպասաւորներին մշտապէս բանակի կողքին լինելու համար: Նախարարը նշեց, որ շարքային զինուորից մինչեւ հրամանատար հայրենիքի սահմանները պաշտպանելիս գործում են անձնուիրաբար:
Այնուհետեւ, ի գնահատութիւն Հայրենիքին ու հաւատաւոր ժողովրդին մատուցած ծառայութիւնների, հայրապետական սրբատառ կոնդակի ընթերցումից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ եկեղեցու «Սուրբ Ներսէս Շնորհալի» պատուոյ բարձր շքանշանով պարգեւատրեց գեներալ-մայորներ Կամօ Քոչունցին, Անդրանիկ Մակարեանին, Իշխան Մաթեւոսեանին, Արմէն Ղահրամանեանին եւ գնդապետ Գեւորգ Մելքոնեանին:
Հ.Հ.-ի Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի հրամանով զինծառայողների հոգեւոր դաստիարակութեան գործում ներդրած զգալի աւանդի համար, ինչպէս նաեւ Հ.Հ.-ի Զ.ՈՒ.-ի կազմաւորման 23-րդ տարեդարձի կապակցութեամբ, Տաւուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամեանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը եւ Գեղարքունեաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Յովհաննիսեանը պարգեւատրուեցին «Անդրանիկ Օզանեան» մեդալով: