Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Մինուոդիի ոստիկանները բերման են ենթարկել 23-ամեայ Միխայիլ Գրիգորեանին: Նա կասկածւում է խմբակային կռուի ժամանակ Ռուսաստանի ներքին զօրքերի յատուկ ուժերում ծառայող Դմիտրի Սիդօրէնկոյին սպանելու մէջ:
Ըստ rosblat.ru լրատուական կայքի, Գրիգորեանն արդէն խոստովանական ցուցմունք է տուել: Կռուի մէկ այլ մասնակցի՝ հետախուզման մէջ գտնուող Կարէն Թովմասեանին դեռեւս չեն յայտնաբերել:
Վէճը ծագել էր յունուարի 21-ին Մինուոդիի սրճարաններից մէկում, յատուկ ջոկատային եւ քաղաքացիական յաճախորդների միջեւ: Ապա յատուկ ջոկատայինների եւ տեղի բնակիչների մօտ 25 հոգանոց խմբի միջեւ կռուի է վերածուել:
Ի դէպ, ականատեսների պնդմամբ, վէճը ծագել է Գիւմրիում Աւետիսեանների ընտանիքի անդամների սպանութեան մասին խօսակցութիւնների ընթացքում: Ենթադրւում է, որ կասկածեալ Գրիգորեանը դանակով հարուածել է Սիդօրէնկոյի սրտին: