Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

2015 թուականին Հայաստանն Իրանի հետ կը սկսի խոշոր էներգետիկ նախագծի՝ Արաքս գետ վրայ Մեղրիի Ջ.Է.Կ.-ի շինարարութիւնը: Այդ մասին յունուարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երուանդ Զախարեանը:

Մեղրիի Ջ.Է.Կ.-ի հաստատուած հզօրութիւնը կազմում է 130 Մվտ., տարեկան արտադրանքը՝ մօտ 800 մլն. կվտ./ժ.: Նախագծի ներդրողը իրանական «Թաւան Աբ Արազ» ընկերութիւնն է: Շինարարութիւնը պէտք է աւարտուի 5 տարուայ ընթացքում: Առաջին 15 տարիներին եկամուտը կը ստանայ ներդրողը, որից յետոյ կայանը անհատոյց կը փոխանցուի հայկական կողմին:

Մօտակայ 1-2 ամիսներին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութիւնը սպասում է Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրափոխանցման գծի կառուցումը շարունակելու մասին պաշտօնական Թեհրանի որոշման ընդունմանը: Այդ մասին յայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երուանդ Զախարեանը:

Նա յիշեցրել է, որ նախորդ 2 տարիներին Իրանի Ազգային բանկը սառեցրել էր շինարարութիւնը: 2014 թուականին հոկտեմբերի 17-ին հայկական պատուիրակութիւնը ժամանել էր Իրան: «Մեր գործընկերները մեզ հաւաստիացրել են, որ մօտ ապագայում ֆինանսաւորումը կը վերականգնուի, համապատասխան համաձայնութիւն է կնքուել «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» Փ.Բ.Ը.-ի հետ», - յայտարարել է նախարարը: Յիշեցնենք, որ նախագծի արժէքը պէտք է կազմի 107,9 մլն. եւրօ, որը վարկի տեսքով կը տրամադրի իրանական կողմը: