Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Դեկտեմբերի 27-ին Հ.Հ.-ի Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը Հ.Հ.-ի Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորեանի ուղեկցութեամբ այցելեց Հ.Հ.-ի հարաւ-արեւելեան հատուածում տեղակայուած Զ.ՈՒ. թիւ N զօրամաս:

Նախարարին եւ մարզպետին դիմաւորեցին զօրամասի հրամկազմն ու զինուորները: Հանդէս գալով ողջոյնի խօսքով` նախարարը մեծարեց զինուորներին, շնորհաւորեց նրանց գալիք Ամանորի եւ սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ եւ մաղթեց խաղաղութիւն, սէր եւ համերաշխութիւն, ուժ ու կորով:

Նա բարձր գնահատեց հայոց բանակի գործունէութիւնը, մասնաւորապէս վերջին ամիսներին հակառակորդի ագրեսիւ նկրտումներին համարժէք պատասխան տալու նրանց անկոտրում վճռականութիւնը, պատրաստակամութիւնը ու խիզախ կեցուածքը: Նա յորդորեց Հայոց բանակի զինուորներին չթուլացնել զգօնութիւնը եւ շարունակել աչալրջօրէն հետեւել հակառակորդի ցանկացած քայլի, որովհետեւ թշնամին դաւադիր է ու նենգ:

Նախարար Հրանուշ Յակոբեանն առանձին-առանձին զրուցեց զինուորների հետ, որոնց թւում էին նաեւ Սիրիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ա.Մ.Ն.-ից Հայաստանում հաստատուած եւ Հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարող երիտասարդներ: Նախարարը հետաքրքրուեց նրանց առօրեայով, այցելեց նաեւ զօրանոց, ծանօթացաւ զինուորների կենցաղային պայմաններին, ինչպէս նաեւ եղաւ զօրամասի ուսումնա-կրթական կենտրոնում:

Նախարար Հրանուշ Յակոբեանը եւ Գեղարքունիքի մարզպետը մեկնեցին Վահան գիւղ եւ ծաղիկներ դրեցին Արցախեան ազատամարտում զոհուած ազատամարտիկների յուշակոթողին ու շիրմաքարերին:

Սփիւռքի նախարարը զօրամասին նուիրեց համակարգիչ, գրքեր եւ ամանորեայ այլ նուէրներ: